Այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 27-րդ տարելիցը (լուսանկարներ)
Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 27-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլ քաղաքից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:

1986թ.-ի ապրիլի 26-ին` գիշերը 1.23 րոպեին, Խորհրդային Միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց 190 տոննա ռադիոակտիվ նյութ: Ռեակտորի 140 տոննա ռադիոակտիվ վառելիքից 8 տոննան հայտնվեց օդում: Փորձագետները նշում են, որ ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումները կազմել են 50 մլն կյուրի, որը հավասարազոր է 1945թ.-ին Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի հետևանքների հինգհարյուրապատիկին:

Ռադիոակտիվ նուկլիդներն աղտոտեցին Ուկրաինայի, Բելառուսի ու Ռուսաստանի ավելի քան 145 հազ ք/կմ տարածք: Սակայն բնակչությանը վարակման վտանգի մասին հաղորդվեց շատ ուշ: Հեռուստատեսությամբ առաջին պաշտոնական հայտարարությունն արվեց միայն ապրիլի 28-ին: Աղետից հետո, ավելի քան 115 հազ. մարդ տարհանվեց 30 կմ-ոց գոտուց: Բացի այդ, աղետի հետևանքները վերացնելու գործում ներգրավվեց ավելի քան 600 հազ. մարդ: Վթարից զոհվեց 31 մարդ, դրան հետևող 15 տարիների ընթացքում ռադիոկատիվ ճառագայթման զոհ դարձավ 60-80 հազ. մարդ: 134 հազ. մարդ ծանր ճառագայթային հիվանդությամբ հիվանդացավ:

Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջովին փակվեց 2000թ. դեկտեմբերի 15-ին, սակայն քանի որ 4-րդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագը գնալով քանդվում է, նախորդ տարվանից մեկնարկել են նոր ծածկույթի կառուցման աշխատանքները։ Դրանք կավարտվեն 2015-ի վերջին, որտեղ կենտրոնացված է 190 տոննա միջուկային վառելիք։
Չեռնոբիլը՝ 27 տարի անց






Աղբյուրները՝ calend.ru, wikipedia.org,
Լուսանկարները՝ unian.net-ի և bigpicture.ru-ի։










