Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռուսաստանի Պետական դումա
Ապրիլի 25-ին` Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպել է Դումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի և Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները քննարկել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը՝ ընդգծելով այդ ձևաչափի կարևորությունն ու մեծ ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Դումայի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովին և Ռուսաստանի օրենսդիր մարմնի վերին պալատի անդամներին։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման նպատակով իրականացվող քայլերին, այդ գործընթացում երկու երկրների խորհրդարանների կարևոր դերակատարությանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկա Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, նախատեսվող ծրագրերը, մայիսին կայանալիք միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին քննարկվելիք հարցերը։
Նույն օրը երեկոյան հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի հայերի միության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հանգամանալից զրույց է ծավալվել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:










