Հյուսիսային Կորեան հրաժարվել է բանակցել Հարավային Կորեայի հետ
Փհենյանը մերժել է Սեուլի առաջարկը՝ բանակցություններ սկսելու վերաբերյալ, տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ «Ռենհապ» գործակալությանը հղումով։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ վերջնագիրը, որը նախօրեին ներկայացրել են Հարավային Կորեայի իշխանությունները, չի կարող հանգեցնել դրական պատասխանի։
Բանակցելու առաջարկը պաշտոնական Սեուլն արել էր ապրիլի 25-ին։ Հարավկորեական իշխանությունները Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը մեկ օր ժամանակ էին տվել բանակցային սեղանին վերադառնալու համար։ Հակառակ դեպքում՝ Կորեայի Հանրապետությունը խոստացել էր վճռական քայլեր ձեռնարկել։ Թե ինչպիսի քայլերի մասին է խոսքը, իշխանությունները չեն հստակեցրել։
Լրատվամիջոցները նշում են, որ Սեուլը կարող է ամբողջությամբ դադարեցնել համագործակցությունն արդյունաբերական գոտում և այնտեղից դուրս բերել իր բոլոր ձեռնարկությունները։
Սա բանակցություններ սկսելու առաջին առաջարկությունը չէր։ Ապրիլի կեսին Սեուլն արդեն առաջարկել էր քննարկել արդյունաբերական գոտու աշխատանքները, սակայն Փհենյանը մերժել էր։
Կեսոն շրջանում գործող գոտու գործունեությունը դադարեցվել էր 2013թ.-ի ապրիլի 9-ին՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին։










