LG ընկերությունը ճկուն էկրանով սմարթֆոն կթողարկի մինչև տարեվերջ

19:34 • 26.04.13

LG ընկերությունը ներկայում աշխատում է օրգանական լուսադիոդների հիման վրա (OLED) ճկվող էկրանով նոր սմարթֆոն ստեղծելու ուղությամբ: 2013-ի ավարտին սարքավորումը կհայտնվի վաճառքում: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը՝ հղում անելով The Wall Street ամսագրին և LG ընկերության՝ բջջային սարքավորումների մշակման գծով փոխնախագահ Յուն Բու Հենին:


Նա հայտնել է, որ սմարթֆոնը կթողարկի LG Display դուստր ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ բյուրեղյա էկրանների արտադրությամբ: Չնայած նոր էկրանի ճկվող տեխնոլոգիայի առկայությանը՝ այն գործնականորեն փորձարկել հնարավոր չի լինի, ինչին կխանգարեն սմարթֆոնի բաղադրիչ մասերը: Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կարտադրվի հենց կոր տեսքով:


Նմանօրինակ սարքավորումներ են մշակում նաև Samsung, Nokia և Sony ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրն արդեն ներկայացրել է իր մշակած նախատիպը, սակայն դրանցից ոչ մեկը դեռևս չի թողարկվել:


LG ընկերությունը չի պատրաստվում սահմանափակվել միայն սմարթոնների արտադրությամբ. ընկերությունում մտադիր են արտադրել նաև ճկուն էկրանով հեռուստացույցներ: Ընկերության փոխնախագահ Թոմաս Լին հայտնել է, որ դրանք կարտադրվեն այս տարվա երկրորդ կեսին:
 

LG ընկերությունը ճկուն էկրանով սմարթֆոն կթողարկի մինչև տարեվերջ