Փաստաբան Մարկ ԳիրագոսըCNN-ի եթերում վիրավորական և անհեթեթ է որակել Բոստոնի ահաբեկությունում «հայկական հետքի» մասին տեղեկությունը

17:51 • 26.04.13

2013 թ-ի ապրիլի 15-ին, ԱՄՆ Բոստոն քաղաքում անցկացվող ամենամյա մարաթոնի ժամանակ ահաբեկություն տեղի ունեցավ... վազորդներն արդեն  մոտենում էին եզրագծին, երբ երկու հզոր պայթյուն որոտաց. երեք մարդ զոհվեց, 200-ից ավելին՝ վիրավորվեցին:Ապրիլի 20-ին ամերիկացի իրավապահները Մասաչուսեթսի նահանգի հայաշատ Վոթերթաուն քաղաքում ձերբակալեցին ահաբեկության կասկածյալներից մեկին՝ 19-ամյա չեչեն Ջոհար Ցարնաևին...: Հաջորդ օրը Ցարնաևի հորեղբայրը հարցազրույց  էր տվել ամերիկյան լրատվամիջոցներին ու հայտնել, թե իր եղբորորդու ծայրահեղական հայացքների ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել Միշա անունով ազգությամբ հայ տղամարդը, որը վերջերս է իսլամ ընդունել: Հորեղբայրը հայտարարել էր, թե հենց Միշան է «լվացել» Ցարնաևի ուղեղն ու նրան «զինել» ծայրահեղական գաղափարներով: Ավելի ուշ «Միշա» անունով հայի մասին բարձրաձայնեցին նաև Ցարնաևի մյուս հարազատները՝ նրան  բնութագրելով որպես «ճաղատ, գեր և շիկամորուս տղամարդու»...

 

 

Բոստոնի ողբերգությունից ավելի քան 10 օր է անցել, ահաբեկչության շարժառիթները հայտնի չեն, իսկ թեման շարունակում է ամերիկյան բոլոր լրատվամիջոցների «առաջին էջերին» մնալ... Ապրիլի 25-ին «բոստոնյան թնջուկի» վերաբերյալ հերթական  քննարկումն էր կազմակերպել նաև հեղինակավոր ՍիԷնԷն  հեռուստաալիքը. հյուրերի թվում էր նաև ԱՄՆ-ի ամենահայտնի փաստաբաններից մեկը՝ ամերիկահայ Մարկ Գիրագոսը: 56-ամյա իրավաբանն ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում վիրավորական ու անհեթեթ է որակել տեղեկությունը, թե Բոստոնի ահաբեկությունն իրականացրած անձն ինչ-որ կապեր է ունեցել հայի հետ:

 

«Ես, որպես հայ, ցանկանում եմ նշել  որ վերջերս կրոնափոխ եղած ոմն Միշայի (որն, ի դեպ, նույնիսկ հայկական անուն չէ) անվան հետ կապված շահարկումները վիրավորում են աշխարհի բոլոր անկյուններում բնակվող հայերին, որոնք, ի դեպ, առաջինն են քրիստոնեություն կրոնն ընդունել,- հայտարարել է Գիրագոսը և հավելել,- ոմն Միշան վերջին 3 տարվա ընթացքում Ցարնաևին չի տեսել..., այնպես որ հորեղբոր տարածած տեղեկությանը պետք է  ոչ թե որպես փաստ ընդունել, այլ պետք է քննադատել»:

 

Գիրագոսը ՍիԷնԷն-ի եթերում  նշել է, որ վիրավորական է նաև այն, որ քրիստոնյա հայի անունն առնչվում է դավանանքը փոխելու և իսլամ ընդունելու հետ: «Հայերն այս շաբաթ նշում են Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը. ցեղասպանության ժամանակ մուսուլման թուրքերը  1,5 միլիոն քրիստոնյա հայի են բնաջնջել...այնպես որ, գաղափարը, թե իսլամ ընդունած ինչ-որ  քրիստոնյա հայը կապ ունի այդ ամենի հետ, պարզապես անհեթեթություն է,-ասել է հայտնի փաստաբանը:- Կարծում եմ, որ այդ մարդու հորեղբայրը նման բան ասել է ոչ սթափ վիճակում՝ ինչ-որ բանի ազդեցության տակ»:

 

Հավելենք, որ «խորհրդավոր Միշայի»  պատմությունը խորապես վրդովեցրել է ամերիկահայ համայնքին. նրանք կարծում են, որ ինչ-որ ուժեր Բոստոնի ահաբեկության փաստը փորձում են օգտագործել հայերին  անվանարկելու ու զրպարտելու համար: Այս առնչությամբ առաջարկում ենք կարդալ ամերիկյան «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը: