«Հազարամյակի մարտահրավերների» վրաստանյան ծրագրի շրջանակում առանձին գումար կհատկացվի հայերենի ուսուցման ծրագրերին. Դ. Յոհաննես
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (Millennium Challenge Corporation MCC) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսը հայտարարել է, որ Վրաստանում MCC-ի երկրորդ ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են, ֆինանսական օգնության փաթեթի հաստատման դեպքում առանձին օգնություն կհատկացվի Ջավախքի դպրոցներին և հայերենի ուսուցման ծրագրերին:
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից, Յոհաննեսը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ պատասխանելով ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանի այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում MCC-ի վրաստանյան ծրագրի շուրջ բանակցությունները: «Ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք ծրագրի շրջանակում Ջավախքին առանձին ֆինանսական օգնություն է հատկացվելու»,-հարցրել է կոնգրեսականը:
«Ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ առաջարկն ակտիվ քննարկման փուլում է, և այս տարվա հունիսին ներկայացվելու է MCC-ի խորհրդին: Պրն կոնգրեսական, ցանկանում եմ տեղակացնել, որ ծրագրում առանձին հատկացումներ կան Ջավախքի դպրոցներին և հայոց լեզվի ուսուցման ծրագրերին»,-հայտարարել է Յոհաննեսը:
Նշենք, որ Վրաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի առաջին հնգամյա ծրագիրն ավարտվեց 2011թ-ի մարտին: Ծրագրի շրջանակում Վրաստանին հատկացվել էր մոտ 400 մլն ԱՄՆ դոլար. գումարն ուղղվել էր երկրի շրջանների ենթակառուցվածքների զարգացմանը, աղքատության մակարդակի կրճատմանը և տնտեսական աճի խթանմանը:
2013թ-ի սկզբին կորպորացիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը Վրաստանի նոր կառավարության հետ (2012թ-ի հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը, որի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին շաբաթներ անց վարչապետ նշանակվեց-Tert.am)` ծրագրի երկրորդ փուլի իրականացման վերաբերյալ:
Կոնգրեսական Շերմանը երեկվա իր ելույթում նաև մտահոգություն է հայտնել Հայաստանին հատկացվող օգնության չափը կրճատելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկի առնչությամբ և առաջարկել է վերանայել Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը. «Քանի որ այդ երկիրը խոչընդոտում է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման ամերիկյան բոլոր ջանքերը՝ իր ռազմատենչ հայտարարություններով և սպառնալիքներով, թե ոչնչացնելու է Ստափանակերտի նորաբաց օդանավակայանից թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերը»,-նշել է Շերմանը:
Լուսանկարում՝ Բրեդ Շերման










