Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը

14:26 • 26.04.13

Երևանում ապրիլի 24-ից 26-ը կայացել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ, որի հայկական մասի կազմը հաստատվել է ՀՀ նախագահի` 2013թ. ապրիլի 16-ի ՆՀ-68-Ա հրամանագրով, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Հայաստան այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի օպտիմիզացմանը և արդիականացմանը վերաբերող հարցեր:


Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցել է աշխատանքային և ընկերական մթնոլորտում, որի ընթացում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրությամբ նախատեսված հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:


Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։


Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք: