Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է բրիտանացի դիվանագետների հետ

13:28 • 26.04.13

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին:


Ինչպես տեղեկացնում են Ժառանգություն կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:


Քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով, ինչպես նշվում է հաղորդագրությունում, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը:


Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները և Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետևանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:


Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: