Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը շրջադարձային նոր փուլ է կանխատեսում. քրեագետ

15:43 • 26.04.13

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ երեկ Գյումրիում մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցը շատ կարևոր է և շրջադարձային հետևանքներ ակնկալող փուլ է նախանշում, Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, ով ասաց, որ ուզում է հավատալ այդ հարցազրույցում տրված խոստումներին:


«Ես ուզում եմ հավատալ, որ էդպես է, ես ցանկանում եմ այդպես տեսնել Վլադիմիր Գասպարյանի խոսքը: Որ այն լուրջ հետևանքներ ունենա: Տեսե՛ք, նախկին ներքին գործերի նախարարը, երբ սպանեցին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանին, Ալիկ Սարգսյանն ասաց՝ «այդ սպանության բացահայտումը ոստիկանության պատվի հարցն է: Եվ անպատիվ թողեցին-գնացին»,- ասաց քրեագետը:


Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել էր Գյումրիում տեղի ունեցած կրակոցներին և հայտարարել է, որ կա՛մ Գյումրիի երկու կլանները «խելքները գլուխները կհավաքեն», կապրեն հասարակությանը համահունչ, կա՛մ կապրեն հասարակությունից մեկուսացված։
 

Սերգեյ Գալոյանը Վլադիմիր Գասպարյանի երեկվա խոսքը նմանեցնում է ժամանակին ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի քայլերին, երբ նա այնպես արեց, որ բոլոր քրեական հեղինակություններն ու «օրենքով գողերը» հեռացան Հայաստանից:


Ըստ Սերգեյ Գալոյանի՝ քրեական աշխարհի վերադարձը Հայաստան սկսվեց Վանո Սիրադեղյանի ասպարեզից հեռանալուց երեք-չորս տարի անց միայն: Բայց որպես առաջին քայլ Սերգեյ Գալոյանը ակնկալում է, որ լիարժեք կբացահայտվեն բոլոր նախկին հանցագործությունները:


«Երկար տարիներ է, ոչ թե մի քանի ամիս է, այլ տարիներ շարունակ Լենինականում քրեական իրավիճակը բավականին բարդ ու լարված է: Եվ Գյումրիում էն վիճակն էր ստեղծվել, որ մարդիկ արդեն չեն հավատում, որ ինչ–որ բան կփոխվի»,– ասաց նա:


«Հիշե՛նք մի քանի դեպքեր, որոնք առավել մեծ աղմուկ հանեցին: Երբ Վարդան Ղուկասյանը Երևանից ուղևորվում էր Գյումրի, կրակեցին նրա վրա, սպանվեցին թիկնապահները, դրանից հետո կրակոցներ եղան Գյումրիում, որի ժամանակ սպանվեց մի երեխա և այդ սպանված երեխային նույնիսկ գողացան, տարան ու հետքը կորցրեցին: Եվ նմանատիպ այլ հանցագործություններ»,– ավելացրեց քրեագետը:


Ի պատասխան հարցի, թե կարծում է, որ Գյումրիում այլ քրեական հեղինակություններ չկա՞ն, և միայն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, ինչպես ՀՀ ոստիկանապետը ձևակերպեց՝ կլաններն են, քրեագետը նշեց, որ, այո, հիմնականում այդ երկուսն են:
«Մենք տարածքով և բնակչությամբ փոքր երկիր ենք և նորմալ չէ,որ վենդետա ենք խաղում, չգիտես ինչ, անգլո-ամերիկյան մաֆիա ենք … խաղում: Չի կարելի»,- ասաց նա:


Սերգեյ Գալոյանը համարում է, որ անպատիժ մնացած հանցագործությունները նորերն են ծնում և որպես օրինակ նա ասաց, որ նախկին ներքին գործերի նախարար Լևոն Գալստյանի հուշերում օրինակ կա այն մասին, որ 1992 թվականին մեկ անձ փորձել է նռնակով սպանել այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավոր Պարույր Հայրիկյանին: Ըստ Սերգեյ Գալոյանի՝ եթե այն ժամանակ բացահայտվեր այդ հանցագործությունը, ապա տեղի չէր ունենա 1999.թ, «Հոկտեմբերի 27»-ը: