Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութեր, թարմացված)
Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցներն այսօր իրենց օրը սկսեցին գործադուլով. վաճառողներն այսօր չբացեցին իրենց կրպակները և բոլորով՝ մի քանի հարյուր մարդ կանգնած են առևտրի կենտրոնի մոտ և պահանջում են տեղի համար վարձավճարի վերանայման պահանջով:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից Գևորգը՝ տեղի համար տնօրինության կողմից սահմանաված վճարն ըստ քառակուսի մետրի է՝ օրական 4 քառակուսի մետրի համար մոտ 6000 դրամ, իսկ մեկ քառակուսի մետրի համար՝ 1200:
Վաճառողները նշում են, որ վերջին շրջանում ավելացում չի եղել, միշտ այդ գումարն են վճարել, սակայն հիմա առևտուր չկա, և իրենք չեն կարողանում վճարել այդ գումարները:
«Երբ պարապ կանգնած ենք, մարդ չկա, առևտուր չկա, ամսական 180 000 դրամը խելքին մո՞տ բան է»,- վրդովված նշեց վաճառող կանանցից մեկը:
Նրանք բողոքում են նաև սահմանի վրա հագուստի մաքսազերծման գնից, որը մեկ կիլոգրամի համար կազմում է 5 ԱՄՆ դոլար:
Գործադուլավորներին լսելու է եկել տնօրինությունը, որը հայտնել է, որ սահմանված վճարը Պետական եկամուտների կոմիտեի սահմանված հարկերի չափով, և իրենք՝ որպես առևտրի կենտրոն, պարտավոր են այդ վարձավճարի չափով վճարել:
Նշենք, որ ավելի ուշ շուկա եկավ ՊԵԿ ներկայացուցիչը, որն ավելի ուշ առանձնացավ տնօրինության ներկայացուցիչների հետ:
Մինչ աշխատակիցները սպասում էին բանակցությունների ավարտին, տարաձայնություններ, ապա անգամ կռիվներ սկսվեցին աշխատակիցների միջև, քանի որ տոնավաճառի աշխատակիցների մի մասը ցանկանում էր տաղավարները բացել՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում օրվա հացի փող չեն ունենա:
Իսկ գործադուլի կողմնակից աշխատակիցների մասն էլ դավաճան անվանելով աշխատել ցանկացողներին, առաջարկում էր միասնական լինել ու հարցին վերջնական լուծում տալ։
12.21
Թեև բանակցությունների համար առանձնացած տնօրինությունից տոնավաճառի աշխատակիցները պահանջում էին իջնել և պարզաբանում տալ, բայց տնօրենը չեկավ։ Փոխարենը մի քանի աշխատակցի կանչեցին իրենց մոտ, որպեսզի խնդրի շուրջ իրենց լուծումն առաջարկեն:
Մեզ հետ զրույցում նրա հետ հանդիպումից տեղյակ տիկին Կարինեն նշեց, որ տնօրենը իրենց խնդրել է վերադառնալ աշխատանքի և խոստացել, որ մայիսի 2–ին հարցը կբարձրացվի Կառավարությունում:
Սակայն տոնավաճառի աշխատողներն իրենց տաղավարներ վերադառնալու մտադրություն չունեն, քանի որ ասացին, որ վաղը՝ ապրիլի 27-ին իրենց վարձավճարի մուծման օրն է, իսկ իրենք վճարելու մտադրություն չունեն, մինչև չվերանայեն սահմանված գինը:










