Վենեսուելայում անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ամերիկացի է ձերբակալվել

13:50 • 26.04.13

Վենեսուելայում ձերբակալվել է մի ամերիկացի, ում կասկածում են նախագահական ընտրություններից հետո անկարգությունները ֆինանսավորելու համար, հայտնում է Russia Today-ը։ Երկրի արտաքին գործերի և արդարադատության նախարար Միգել Ռոդրիգեսը հայտարարել է, որ այդ կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա Թիմոթի Թրեյսին։

 

Նախարարը նշել է, որ ամերիկացին կարողացել է հավաքագրել մարդկանց։ Դա վկայում է այն մասին, որ այդ մարդը եկել է հետախուզության գործակալ պատրաստելու համար։

 

Թրեյսին կասկածվում է ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի կողմնակիցներին ֆինանսավորելու համար, ովքեր նախագահական ընտրություններից հետո դուրս էին եկել փողոց՝ ձայների վերահաշվարկ պահանջելու համար։ Հիշեցնենք, որ ընտրություններում ձայների չնչին տարբերությամբ հաղթել է Նիկոլաս Մադուրոն։

 

Ռոդրիգեսի խոսքով՝ ԱՄՆ քաղաքացին սերտ կապեր է ունեցել ուսանողների խմբի հետ, ովքեր փորձել են ապակայունացնել իրավիճակն ու Վենեսուելան հասցնել քաղաքացիական պատերազմի։

 

Ըստ նրա, եթե այդ պլաններն իրագործվեին, ապա օտարերկրյա տերությունը ժողովրդավարության վերականգնման և կարգուկանոն հաստատելու անվան տակ անհապաղ ներխուժում կիրականացներ։

 

Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է ձերբակալել այն մարդկանց, որոնց, ենթադրաբար, ֆինանսավորել է Թրեյսին։ Վերջինիս ազգականներն իրենց հերթին պնդում են, որ երիտասարդը որևէ կապ չի ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության հետ և Կարակաս է մեկնել փաստագրական ֆիլմ նկարելու համար։