Ազնիվ է, հոգատար, խելացի ու անմեղ. Կալիֆոռնիայում բռնաբարության մեջ կասկածվող հայ ջրագնդորդի ընկերները տեսանյութ են պատրաստել

10:16 • 27.04.13

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում բռնաբարության մեջ կասկածվող ազգությամբ հայ 18-ամյա Հակոբ Կապլանյանի ընկերները, ի պաշտպանություն նրա, ուշագրավ տեսանյութ են պատրաստել:

 

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, 76 վայրկյան տևողությամբ «Հակոբ Կապլանյան… Անմեղություն  2013» խորագրով տեսանյութի հեղինակը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի առաջին կուրսի ուսանող, համալսարանի ջրագնդակի թիմի անդամ Կապլանյանի վաղեմի ընկերներն են՝ Լիլի Չորբադջյանը և Հենրիկ Ղանթարչյանը:



«Առաջին կուրսի ուսանողը ծանր փորձության առջև է կանգնած. նա մեղադրվում է մի հանցագործության համար, որը նա չի գործել: Մեր ընկեր Հակոբը փորձում է ապացուցել իր անմեղությունը…Մենք բոլորս՝ նրա ընկերները, ազգականները, դասընկերներն ու թիմակից ընկերները համախմբվել ենք միաձայն ասելու ճշմարտությունը՝  նա անմեղ է»,- նշվում է տեսանյութում:


Հիշեցնենք, որ Կապլանյանի նկատմամբ  ապրիլի սկզբին քրեական գործ էր հարուցվել «բռնաբարություն» հոդվածի հատկանիշներով:  Ապրիլի 2-ին Հակոբի համակուրսեցի աղջիկներից մեկը  (անունն ու ազգությունը չի հրապարակվում) դիմել էր ոստիկանություն՝պնդելով, որ Կապլանյանը համալսարանի հանրակացարանում  իրեն բռնաբարել է: Կապլանյանը նույն այդ օրը ձերբակալվել էր, երկու օր անց 200 հազ. ամերիկյան դոլար գրավի դիմաց ազատ արձակվել: Կապլանյանը, նրա փաստաբանը, ինչպես նաև ընտանիքի անդամները բռնաբարության մեղադրանքը պարզապես անհեթեթություն են որակում: Ամերիկյան KTLA հեռուստաալիքի հետ զրույցում Կապլանյանի մայրն ասել էր, որ իրենց պարզապես ցնցել է այդ լուրը՝ հույս հայտնելով, որ արդարությունը կհաղթի: «Ես միայն կարող եմ ասել, որ իմ որդին անմեղ է...: Եվ մենք պատրաստվում ենք ապացուցել դա: Իմ որդին «այդ տեսակի» տղաներից չէ»,-նշել էր տիկին Մարինան:

 

Youtube վիդեոհոսթինգում տեղադրված տեսանյութում Կապլանյանի ընկերները նրան բնութագրում են որպես հոգատար, խելացի ազնիվ, լավատես երիտասարդի, խոսում նրա բարձր առաջադիմության և ջրագրնդակի ասպարեզում նվաճումների մասին (Կապլանյանը Կալիֆոռնիայի միջդպորացական ֆեդերացիայի մրցաշարում  2010թ-ին ռեկորդ է սահմանել՝ իր հաշվին գրանցելով 229 գնդակ):

 

Ջրագնդորդի նկատմամբ պաշտոնական  մեղադրանք պետք է ներկայացվեր2013թ.  ապրիլի 25-ին. դատական նիստը, սակայն, անհայտ պատճառներով, հետաձգվել է: Հետաքննությունը շարունակվում է:

 

 Կապլանյանը ծնվել է 1994թ-ին Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդի շրջանում: Նախքան Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող դառնալն ու համալսարանի ջրագնդակի թիմում (լավագույն հարձակվողներից է) ընդգրկվելը, նա փայլուն հանդես է եկել  Հերբերթ Հուվերի անվան ավագ դպրոցի ջրագնդակի թիմի կազմում: