Հաղթանակ զբոսայգում կրակել են երկու երիտասարդների վրա, ևս մեկին վրաերթի ենթարկել «ՎԱԶ-2121»-ով

14:53 • 27.04.13

Երեկ երեկոյան, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 22-ամյա (1991 թ. ծնված) Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 23-ամյա (1990 թ. ծնված) Տիգրան Չ.-ն: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներ ստացել են ժամը 22.30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետևանքով:


Ապրիլի 27-ին, ժամը 02.00-ին, Միքայել Մ.-ից և Տիգրան Չ.-ից ընդունվել են հաղորդումներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սարգիս Կ.-ին հայտնաբերելու և նրանից հաղորդում ընդունելու, Սարգիս Կ.-ին, Միքայել Մ.-ին և Տիգրան Չ.-ին վնասվածքներ պատճառած անձանց, ինչպես և նշված ավտոմեքենան ու գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:


Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: