Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած կրակոցների և վրաերթի հեղինակները ներկայացել են Ոստիկանություն

16:20 • 27.04.13

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 28-ամյա (1985թ. ծնված) Արշակ Խ.-ն և նրա եղբայրը՝ 26-ամյա (1987 թ. ծնված) Սարգիս Խ.-ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը:


Պարզվել է, որ Սարգիս Կ.-ին և Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել և վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել և վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն:
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է:


Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան, ժամը 23:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ էին տեղափոխվել 22-ամյա (1991 թ. ծնված) Սարգիս Կ.-ն, նույն թվականին ծնված Միքայել Մ.-ն և 23-ամյա (1990 թ. ծնված) Տիգրան Չ.-ն: Այս մասին հաղորդում է Ոստիկանության կայքը:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Սարգիս Կ.-ն և Տիգրան Չ.-ն վնասվածքներ ստացել էին ժամը 22:30-ի սահմաններում, Հաղթանակ զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ՝ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից գազային ատրճանակից արձակած կրակոցների հետևանքով, իսկ Միքայել Մ.-ն՝ նույն վիճաբանության ընթացքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդի կողմից նրան վրաերթի ենթարկելու հետևանքով: Այսօր, ժամը 02.00-ին, Միքայել Մ.-ից և Տիգրան Չ.-ից ընդունվել են հաղորդումներ: