Ջոն Քերին Կոնգրեսին ներկայացրել է Սիրիայում գործողություններ իրականացնելու հնարավոր տարբերակները

09:46 • 27.04.13

Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստի հաստատման դեպքում ԱՄՆ-ն կարող է ընդդիմությանը զենք տրամադրել կամ ոչ թռիչքային գոտի սահմանել. ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ Politico թերթի հղումով, այդ մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է կոնգրեսականների հետ փակ լսումների ընթացքում։
 

ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Սիրիայի հակամարտության ընթացքում քիմիական զենք է կիրառվել և Բարաք Օբամայի վարչակազմը նման գործողությունները «կարմիր գիծ» է համարում Բաշար ալ-Ասադի համար։
 

Սակայն Վաշինգտոնը խոստովանում է, որ այդ գնահատականները բավարար չեն շտապ գործողություններ սկսելու համար և հետաքննությունը շարունակվելու է։


«Այն տարբերակները, որ մենք կարող ենք կիրառել,ներառում է ամեն ինչ՝դիվանագիտականից մինչև զինյալներին աջակցություն, որոշակի խմբերին ֆինանսական օգնություն, զինամթերքի տրամադրում, մինչև՝ ոչ թռիչքային գոտու ստեղծում»,-լսումներից հետո հայտարարել է հանրապետական կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ մեջբերելով պետքարտուղարի խոսքերը։


Ավելի վաղ Սպիտակ տունն ու Պենտագոնը հաղորդել էին, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով Սիրիայում իշխանությունները կարող էին «ոչ մեծ քանակությամբ» քիմիական զենք կիրառել։


Սիրիայի իշխանությունները, սակայն, մերժում են ԱՄՆ-ի մեղադրանքները։