Հայ ժողովրդին փրկել ու պահել են եկեղեցին, լեզուն ու այբուբենը. Ռուբեն Վարդանյանը Հայաստանում դեռ անելիք ունի
«Հայ ժողովրդին փրկել ու պահել են եկեղեցին, լեզուն և սեփական այբուբենը»,- ռուսական «Նովայա գազետա» պարբերականի հետ զրույցում ասել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Սբերբանկ CIB-ի (Corporate & Investment Banking, կորպորատիվ ներդրումային բանկ) համանախագաh Ռուբեն Վարդանյանը: Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ Վարդանյանը, անդրադառնալով իր ֆինանսավորմամբ Հայաստանի Դիլիջան քաղաքում կառուցվող միջազգային դպրոցին, նշել է, որ ուսումնական հաստատություններում երեխաները ոչ միայն պետք է որակյալ կրթություն ստանան, այլև սովորեն ճիշտ որոշումներ կայացնել, պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար...: «Դիլիջանի դպրոցը երեխաներին բարություն է սովորեցնելու»,-նշել է Վարդանյանը և հավելել՝ իր առաջին հայրենիքում՝ Հայաստանում, դեռ շատ անելիք ունի:
Թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները
«Դիլիջան» կրթական նախագծի մասին
«Դիլիջանի դպրոցը միջազգային դպրոց է, որում սովորելու են երեխաներ աշխարհի առնվազն 60 երկրից, այդ թվում՝ Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից: Դպրոցը նախատեսված է 13-19 տարեկան երեխաների համար, ուսուցումը կատարվելու է անգլերենով: Այս տարվա հոկտեմբերին դպրոցը կդառնա United World College-ի (Համաշխարհային միացյալ քոլեջ, որը հիմնվել է 50 տարի առաջ և ներառում է 12 ուսումնական հաստատություն աշխարհի տարբեր անկյուններից-Tert.am) անդամ, ինչը նշանակում է, որ (UWC-ի ազգային հանձնաժողովների ցանցի միջոցով) դպրոցը հասանելի կլինի օտարերկրացիներին, և մենք հնարավորություն կունենանք աշակերտների ձեռք բերել տարբեր երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից:
«Դիլիջան» նախագծի իրականացման գաղափարն ընտանիքինս է: Ես չորս երեխաների հայր եմ: Ինձ և կնոջս համար այդ թեման արդիական է: Մեզ համար կարևոր է, որ մեր երեխաները լավ կրթություն ստանան և միաժամանակ հավատարիմ մնան մեզ համար կարևոր արժեքներին:
Անձնական շարժառիթները, սակայն, միակը չեն… Ռուսաստանը շարունակում է պահպանել հարաբերությունները նախկին խորհրդային երկրների հետ, և եթե մենք ձգտում ենք ինտեգրման ոչ թե «Եկեք ընկերանանք» կարգախոսի մակարդակով, այլ իրականում, ապա այդ դպրոցն ինտեգրման միջոցներից հենց մեկն է: Ուսուցումը կատարվելու է անգլերենով, բայց լինելու են նաև ռուսաց և հայոց լեզուների ու գրականության խորացված ուսուցման դասընթացներ….:
Տղաներս 3 և 17 տարեկան են, աղջիկներս՝ 8 և 15: Փոքր երեխաներս հաստատ գնալու և սովորելու են Դիլիջանում: Նրանք անհամբեր սպասում են այդ օրվան…
Ի՞նչ են ուսուցանելու Դիլիջանում
Բարություն (ծիծաղում է-«Նովայա գազետա»): Դպրոցի նպատակը միայն աշակերտներին միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն տալն ու աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստելը չէ, պետք է աշակերտների մեջ զարգացնել ստեղծագործ և քննադատական միտքը, նրանց պետք է սեփական կարծիք ունենալ, մտածված որոշումներ կայացնել և դրանց համար պատասխանատվություն կրել սովորեցնել, պետք է օգնել նրանց ազատվելու սոցիալական նախապաշարմունքներից և հանդուրժողականություն սերմանել նրանց մեջ:
Քանի որ դպրոցի կրթական ծրագրերից մեկը IB Diploma-ն է (միջազգային բակալավրի աստիճան) ուսուցիչները կլինեն աշխարհի տարբեր երկրներից: Մենք արդեն թեկնածուներ ունենք Անգլիայից, Հարավային Աֆրիկայից, Հնդկաստանից և այլ երկրներից. նրանց այս գաղափարը գրավել է:
Հեշտ չէ երեխայի մեջ ճիշտ արժեհամակարգ ձևավորել, հատկապես երբ ապրում ես բացարձակ անհատապաշտության դարաշրջանում: Ֆրանսիան հզոր երկիր է, բայց 2004 թ-ին այդ երկրում շոգից տարեց մարդիկ էին մահանում... միայն այն պատճառով, որ նրանց զավակները մոռացել էին նրանց գոյության մասին և նեղություն չէին տվել իրենց տանը օդորակիչներ տեղադրել:
Ռուբեն Վարդանյանի անելիքները
Կրթական, բարեգործական ծրագրերի հետ կապված շատ անելիքներ կան, բոլորն էլ միջազգային մակարդակի ծրագրեր են:.... Ինձ հաջողվում է հարաբերություններ հաստատել տարբեր սերունդների, ազգությունների և հայացքների տեր մարդկանց հետ: Իմ առաջին հայրենիքում ես դեռ անելիքներ ունեմ... Ռուսաստանը շատ հնարավորություններ է տալիս և «այլ ծավալներ» ենթադրում, ջանքերիդ ազդեցությունը, սակայն, այստեղ կարող է երևալ տասը տարի անց: Իսկ ահա Հայաստանի ոչ մեծ չափսերը թույլ են տալիս բավականին արագ տեսնել ջանքերիդ արդյունքը: Վերցնենք օրինակ Տաթևի վանքի վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում ստեղծվում է զբոսաշրջային, կրոնական, պատմամշակութային համալիր: 2010թ-ին մենք գործընկերների հետ ավարտեցինք «Տաթևի թևեր» ճոպանուղու կառուցման ծրագիրը: Բացումից հետո վանք այցելող զբոսաշրջիկների թիվը 10 անգամ ավելացել է: Միայն անցած տարի ճոպանուղուց մոտ 100 հազ. մարդ է օգտվել, իսկ մոտակա քաղաքում վերջին երկու տարվա ընթացքում տասը նոր հյուրանոց է բացվել: Մենք նախատեսում ենք ծրագիրն ավարտել մինչև 2017թ-ը՝ Տաթևի վանքի հիմնադրման 1111-րդ տարեդարձը:
Աստծուն հավատու՞մ եք
Հայ ժողովրդին փրկել ու պահել են եկեղեցին, լեզուն և սեփական այբուբենը: Ես այնքան էլ կրոնական մարդ չեմ, բայց հավատում եմ Աստծուն և մարդկային արժեքներին...»:










