Սաակաշվիլին հերքել է ահաբեկիչների հետ իշխանությունների հնարավոր կապի մասին Իվանիշվիլիի հայտարարությունը
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, թե նախկին իշխանությունները, հնարավոր է, համագործակցել են ահաբեկիչների հետ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Սաակաշվիլիի տված հարցազրույցը վրացական լրատվամիջոցներին։
Նախագահն ընդգծել է, որ Իվանիշվիլին «չի գիտակցում իր հայտարարության ողջ վնասը», որը կարող է ոչ միայն անձամբ իրեն հասցվել, այլև ողջ Վրաստանին։
«Կամ վարչապետը չի տիրապետում ամբողջ ինֆորմացիային, կամ նրան մոլորեցնում են, կամ նա չի ցանկանում լսել իրավիճակի մասին իր պատկերացումներին դեմ փաստարկներ»,- ենթադրել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ վարչապետ Իվանիշվիլին չի բացառել, որ հնարավոր է՝ երկրի տարածքում վերապատրաստում են անցել մի խումբ ահաբեկիչներ։ «Կարծում եմ՝ լիովին հնարավոր է... Մոտ ապագայում հետաքննությունը կավարտվի, և մենք շատ նոր բան կիմանանք»,-ասել է նա։
Նախորդ տարվա օգոստոսի վերջին ռուս-վրացական սահմանին՝ Լոպոտա կիրճում, գրոհայինների վնասազերծման օպերացիա էր իրականացվել։ Այդ ժամանակ սպանվել էր Վրաստանի ՆԳՆ 2 հատուկջոկատային և պաշտպանության նախարարության ռազմական մի բժիշկ, հայտնաբերվել էր նաև 11 գրոհայինի դի։ Վրաստանի ՆԳՆ-ն պարզել էր 11-ի ինքնությունը. նրանցից 2-ը եղել էին Վրաստանի, 5-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ։










