Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ

13:24 • 27.04.13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:


Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:


Նախագահ Սահակյանը կարևորել է միության հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ այն նպաստում է ինչպես Արցախի մասին ստույգ և օբյեկտիվ տվյալների ներկայացմանը Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում, այնպես էլ ֆրանսահայ համայնքի և Արցախի միջև կապերի ամրապնդմանը:


Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: