Ուկրաինայի նախագահին խորհուրդ չեն տվել ներում շնորհել Յուլյա Տիմոշենկոյին
Ուկրաինայի նախագահին առընթեր ներման հարցերով հանձնաժողովը խորհուրդ է տվել դեռ ազատ չարձակել ազատազրկված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տիմոշենկոյին ներում շնորհելու մասին որոշումը հանձնաժողովը վաղաժամ է համարել։
Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկի, համաձայն օրենսդրության՝ ներման համար հիմքեր չկան։
Տիմոշենկոն 7-ամյա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի կնքման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղադրանքով։
Ապրիլի կեսին ընդդիմությունից մի քանի կին պատգամավորներ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին էին փոխանցել ներում շնորհելու մասին խնդրագիրը։
Հունվարին նախկին վարչապետը կասկածվել է նաև 1996 թվականին Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության մեջ։










