Սև ամպեր՝ «Զվարթնոցի» հին շենքի գլխին. սեփականատերը այն քանդելու նպատակով դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը, որում խնդրվել էր «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն՝ տեղը «հարթ տարածք ունենալու» համար: Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանին կից Ճարտարապետական խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հրաչիկ Պողոսյանը: «Մենք կտրուկ մերժեցինք, նայեցինք այդ հարցը մեր ճարտարապետական հանձնաժողովում, և ասացինք, որ դա հնարավոր չէ:
Ընդհանրապես, դա որպես հուշարձան պետք է մնա, և դիմեցինք քաղաքապետին մեր հանձնաժողովի անունից: Քաղաքապետը նույնպես այն կարծիքին է, որ այդ հուշարձանը չի կարելի քանդել: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նույնպես»,- ասաց Հրաչիկ Պողոսյանը, ով նշեց, որ չի գտնվի ՀՀ մի քաղաքացի, որը չի կարող չգիտակցել օդանավակայանի հին շենքի ճարտարապետական արժեքը:
Tert.am-ը «Զվարթնոց» օդակայանի հին շենքի ճարտարապետական արժեքի շուրջ զրուցեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ով նշեց, որ այդ շենքը որոշակի ժամանակաշրջան է ներկայացնում և համարվում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և որ աշխարհի բոլոր երկրներում ճարտարապետության այս տեսակն առնվել է պաշտպանության տակ: «Վերջերս Վիեննայում կայացած Ճարտարապետական կոնգրեսում ընդհանրապես բացառիկ կարևորություն տրվեց ճարտարապետական այս դպրոցին ու ուղղությանը: Ավելին՝ «Զվարթնոցի» հին շենքի մակետը պետք է ցուցադրվի Ստամբուլում կայանալիք ճարտարապետների Կոնգրեսի նիստին»,- հայտնեց Մկրտիչ Մինասյանը:
Նշենք, որ 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի շենքը շահագործման է հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով:
Հրաչիկ Պողոսյանը նշեց, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շենքը քանդելու համար ներկայացրել էին երկու պատճառ. առաջինը, որ իրենց այնտեղ անհրաժեշտ է ոչ թե շենք, այլ օդանավերի համար հարթ տարածություն և երկրորդ, որ այն անհրաժեշտ է ենթարկել վերանորոգման: «Որ կոնստրուկցիաներն ինչ-որ լավ վիճակում չեն և այլն, և այլն: Դե դա սովորական պատրվակ է, եթե ուզում են շենքը քանդել, գրում են, որ կոնստրուկցիաները վատ վիճակում են»,- նկատեց Հրաչիկ Պողոսյանը և ավելացրեց. «Մենք էլ իրենց գրեցինք պատասխան, որ կոնստրուկցիաների վատ վիճակը դեռ պատճառ չէ շենքը քանդելու համար»:
Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը առաջարկել է վերանորոգել «Զվարթնոցի» հին շենքը և ոչ թե քանդել այն: Այսուհանդերձ, Մկրտիչ Մինասյանը մտավախություն ունի, որ սեփականատերը, ինչպես այլ դեպքերում՝ Փակ շուկայի և այլն, կանտեսի Քաղաքաշինական խորհրդի կարծիքը և «վերջն իրենը կանի»:
«Կարծում եմ, որ սեփականատերը՝ արգենտինացին, պետք է լսի ճարտարապետների կարծիքը և ոչ թե քանդի»,- ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահը:
Նշենք, որ Tert. am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, սակայն, քանի որ օրը ոչ աշխատանքային էր, ընկերությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:










