Երևանի ավագանու այս ընտրությունները տարբերվում են նախորդներից մրցակցային ֆոնով ու պայմաններով. Արմեն Բադալյան
Մայիսի 5 –ի Երևանի ավագանու ընտրությունները տարբերվում են տեղական ինքակառավարման մարմինների նախորդ՝ 2009թ. ընտրություններից առաջին հերթին իրենց մրցակցային, ավելի մոբիլիզացիոն լինելով և պայմանների տարբերությամբ։ Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Հիշե՛նք, այն ժամանակ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայ ազգային կոնգրես» դաշինքի բազմաթիվ անդամներ բանտարկված էին, այն դեռևս լիարժեք որպես կառույց ձևավորված չէր և չէր կարողանում մասնակցել: Այս անգամ, սակայն, մասնակցում է: Իհարկե, դա չի նշանակում, որ նրա կամ մյուս քաղաքական ուժերի քարոզարշավը գրագետ է»,- ասաց Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ այս անգամ կա մեկ առանձնահատկություն ևս, այն է, որ բոլոր մասնակիցները կիրառում են ընտրական տեխնոլոգիաների շատ աղքատիկ զինանոց. բակային, երբեմն՝ դահլիճային հանդիպումներ, որոնք տեսանկարահանվում են և ցուցադրվում հեռուստատեսությամբ՝ քարոզարշավի շրջանակներում, մեկ-երկու բուկլետ, և այսպես կոչված՝ պարտադիր վայրերում՝ պաստառների փակցնում:
Արմեն Բադալյանն այստեղ տեսնում է հետևյալ պատճառը, որ «որոշ քաղաքական ուժեր չհասկացան, որ եթե նորմալ ընտրարշավ չես անցկացնում, այսինքն՝ ստրատեգիապես ճիշտ չես, քո մոտ տակտիկական բաղկացուցիչը չի կարող լիարժեք ի հայտ գալ: Իսկ որոշ ուժեր, իրոք, ոչ ճիշտ ընտրարշավ են անցկացնում»,- ասաց PR մասնագետը:
Ըստ նրա՝ բավականին ճիշտ ընտրարշավ է անցկացնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: «Նրանք անընդհատ քարոզում են և ներկայացնում են այս ընտրությունները, ոչ թե որպես քաղաքական, այլ համայնքային՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի ժամանակ պետք է ընտրվի կառավարիչ: Եվ նրանք կարողանում են Տարոն Մարգարյանին որպես «լավ տղա», լավ կառավարիչ ներկայացնելով՝ տարանջատել կուսակցությունից, կուսակցության ղեկավարից և Երևանում ՀՀԿ-ի բացասական իմիջ ունեցող օդիոզ գործիչներից»,- բացատրեց Արմեն Բադալյանը՝ ով կարծում է, որ սա ՀՀԿ-ի համար ամենաճիշտ նախընտրական ստրատեգիան է:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ , ՀՅԴ կուսակցություններին և «Բարև, Երևան» դաշինքին, ապա ըստ Արմեն Բադալյանի՝ նրանք ի վերջո չհասկացան, որ այս անգամ ոչ թե քարոզարշավ է, այլ ընտրարշավ:
«Ի՞նչ է սա նշանակում: Այս, անգամ բառերի արմատները տարբեր են, դրանցում դրված են դրանց տարբեր էությունները. քարոզարշավի ժամանակ դու քարոզում ես ինչ-որ մի բան, ընտրական կոմպանիայի ժամանակ՝ դու ընտրելու հնարավորություն ես տալիս»,- ասաց Արմեն Բադալյանը:
Մեջբերելով ՀՀԿ-ի դեմ «Կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքով հանդես եկող քաղաքական ուժերի ելույթների բովանդակությանը, քաղտեխնոլոգը նշեց, որ մայիսի 5–ին ընտրություն է լինելու ոչ թե նրա համար, որ հանրապետականի մենաշնորհը վերացվի-չվերացվի, այլ պետք է ընտրություն լինի այսօրվա Երևանի և վաղվա Երևանի միջև ընտրություն:
Մայիսի 5-ին, ըստ Արմեն Բադալյանի, այս երկու Երևանների տարբերության «մեսիջը» ինչ –որ կերպ հասցվում է քվեարկողներին, բայց ոչ լիարժեք, որովհետև ըստ նրա՝ «նրանք այսօր քննադատում են այսօրվա Երևանը, բայց այն Երևանը լիարժեք չեն ներկայացնում»: Այլ կերպ ասած՝ «վերջը» այդ ի՞նչ է այդ Երևանը, որը պետք է գրավի մարդկանց:
Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քաղաքական ուժերը գրեթե ոչ մի ուշադրություն չեն դարձնում Երևանում գործազրկության խնդրին: Նրա խոսքով՝ այլ հարց է, որ այս ռազմավարությունն իշխող կուսակցությանը հաջողություն կբերի՞, թե ոչ, որովհետև առկա են այլ գործոններ:
«Օրինակ, շատ հետաքրքիր է, թե մայիսի 5–ին երևանցիների մոտ ինչը կգերիշխի: Եթե գերիշխեց ատելությունը ՀՀԿ-ի և նրա ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ, ապա երևանցիները մաքսիմալ մասանկցություն կունենան, ինչը բնականաբար, վնաս կլինի հանրապետականին և օգուտ է ոչ իշխանական ուժերին՝ անկախ նրանից, որ իրենք իրենց ընտրական կոմպանիան հաջող չեն անցկացնում»,- կանխատեսեց Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ երևանցիների մոտ անտաբերության տրամադրությունների դեպքում, հակառակը, կշահի հանրապետականը, կտուժեն՝ մյուսները:










