Բոստոնի ահաբեկչության կասկածյալը տեղափոխվել է մշտական հսկողությամբ միանձնյա բանտախուց

10:55 • 28.04.13

Բոստոնի ամենամյա մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալ Ջոխար Ցարնաևը տեղափոխվել է մշտական հսկողության տակ գտնվող միանձնյա բանտախուց, հայտնում է Газета-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։


Գործակալությունը նշում է, որ 19-ամյա Ցարնաևին ուրբաթ տեղափոխել են Բոստոնից 65 կմ հեռավորության վրա գտնվող «Դևոնս» բանտը։


Ըստ CNN հեռուստաընկերության ունեցած տվյալների՝ ներկայում Ցարնաևը գտնվում է բժշկական օգնության կարիք ունեցող բանտարկյալների կենտրոնում։


Հայտնի է նաև, որ ծանր, պողպատյա դռան հետևում պահվող Ցարնաևը դեղամիջոցներն ու սնունդը ստանում է դռան վրա արված հատուկ պատուհանի միջոցով։


Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնում իրականացված 2 պայթյունների ծրագրման և իրականացման մեղադրանքով ձերբակալվել է Ջոխար Ցարնաևը, իսկ նրա ավագ եղբայրը՝ 26-ամյա Թամերլան Ցարնաևը, ով ևս մասնակցել էր ահաբեկչական գործողություններին, մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։