Թալիբներն իրենց վրա են վերցրել Պակիստանում քաղաքական գործիչների գրասենյակներում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը
«Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումն իր վրա է վերցրել Պակիստանի Կոխաթ քաղաքում քաղաքական գործիչների գրասենյակների մոտ տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: Վերջին տվյալների համաձայն՝ այդ պայթյունների հետևանքով զոհվել է 9 մարդ, իսկ 20-ից ավելին վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին:
Ոստիկանությունից հայտնել են, որ առաջին պայթյունները տեղի են ունեցել Ավամի Ազգային սոցիալիստական կուսակցության գրասենյակի մոտ: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել խորհրդարանի անկախ պատգամավորի թեկնածուներից մեկի գրասենյակի մոտ: Ավամի կուսակցության անդամներն ավելի վաղ սպառնալիքներ էին ստացել թալիբների կողմից, հաղորդում է հեռուստաալիքը:
Շաբաթ օրը պայթյուններ էին որոտացել նաև այլ քաղաքական գործիչների գրասենյակների մոտ, որոնց հետևանքով հինգ մարդ էր մահացել, տասնյակները վնասվածքներ էին ստացել: Տեղի իշխանությունների կարծիքով, այդ պայթյունների հետևում նույնպես կանգնած են թալիբները, ովքեր փորձում են ընտրությունների նախաշեմին ապակայունացնել իրավիճակը երկրում: Թալիբներն արդեն սկասել են թռուցիկներ բաժանել, որոնք մահվան սպառնալիքով զգուշացնում են բնակիչներին չմասնակցել ընտրություններին:
Պակիստանում մայիսի 11-ին կանցկացվեն խորհրդարանի ներքին պալատի պատգամավորների ընտրությունները:










