Մութ ու խոնավ պատերի ներսում մեծացող երեխաների մեծագույն երազանքը՝ ապրել խաղաղ երկրում (լուսանկարներ)

11:44 • 28.04.13

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի սկզբում կիսով չափ գետնափոր տան մեջ, մութ ու խոնավ պայմաններում արդեն գրեթե 20 տարի ապրում է Պետրոսյանների բազմանդամ ընտանիքը: Նույնիսկ այսպիսի պայմաններում նրանք չեն դժգոհում իրենց կյանքից և հույսը միայն իրենց վրա են դնում:


«Կրակոցների ժամանակ սկեսրայրիս տունը քանդվել էր ու էն ժամանակ գյուղի էս հատվածն ամենաապահով տեղն էր, էստեղ 1994թ.-ի մայիսին հողի մեջ էս տունը սարքեցին, մենք էլ օգոստոսին ամուսնացանք ու դեռ էստեղ ենք ապրում»,- ասում է Պետրոսյանների հարսը՝ 3 երեխաների մայր 43-ամյա Սարգյուլ Հակոբյանը:


Տանը, որտեղ Սարգյուլն ապրում է ամուսնու, սկեսրայրի և երեք դպրոցահասակ երեխաների հետ, բաժանված է երեք հատվածի, որոնցից մեկը ծառայում է որպես ննջասենյակ, որտեղ տեղադրված երեք մահճակալների վրա քնում են երեք երեխաները, Սարգյուլն ու ամուսինը: Մյուս սենյակը ծառայում է որպես հյուրասենյակ, որտեղ տեղավորվում է միայն մեկ բազմոց, սեղան ու փայտե վառարանը, իսկ տախտակներով փակված տան առաջնամասը ծառայում է որպես խոհանոց:


Սարգյուլի երեք երեխաներն էլ դպրոցական են, մեծ աղջիկը՝ Ալինան, սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, տղան՝ Ալիկը՝ 3-րդ, փոքր աղջիկը՝ Ալիսան՝ 1-ին:


«Մեծ աղջիկս շատ աշխատասեր ա, բայց էդքան էլ ընդունակ չի, տղաս շատ ընդունակ ա, բայց սկի աշխատասեր չի, փոքր աղջիկս էլ համ ընդունակ ա, համ աշխատասեր, տեսնենք ինչ կդառնան»,- ժպտալով ասում է Սարգյուլը:


Ալիկը երազում է դառնալ մարզիկ, սիրում է կարատե մարզաձևը, ինչպես նաև պարել ու երազում է, որ գյուղում լինի պարի խմբակ, որտեղ ինքն էլ կկարողանա հաճախել: Իսկ Ալիսան ցանկանում է, որ գյուղում լինի խաղահրապարակ, որտեղ երեխաներով կկարողանան խաղալ:


Քարտեզներով, պոլիէթիլենային տոպրակներով ծածկված մութ ու խոնավ պատերի ներսում մեծացող երեխաների մեծագույն երազանքը խաղաղ երկրում ապրելն է:


«Ճիշտ ա, մեր տունը ձորի մեջ ա, ապահով տեղ ա, բայց դե, որ կրակոցներն սկսում են, մենք էլ ենք տխրում, լուռ նստում ենք ու սպասում մինչև կդադարի»,- ասում է 9-ամյա Ալիկը:


Սարգյուլն ասում է, որ կրակոցների հետևանքով արդեն երկու տարի չեն կարողանում մշակել խաղողի այգին, որը սահմանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա է գտնվում:


«Տան մոտ ամայի տարածք կար, մաքրեցինք, այգի սարքեցինք, վարելահող ունենք, անասուն ենք պահում, կով, խոզ, հավ ունենք, չեմ բողոքում, աշխատում ենք ապրում, երեխեքը մեզ շատ են օգնում, մեր հույսը մենք ենք»,- ասում է սահմանամերձ գյուղի բնակչուհին: