Facebook-ը կորցնում է հանրաճանաչությունը. օգտատերերը նոր սոցցանցեր են նախընտրում

13:19 • 29.04.13

Մարկ Ցուկերբերգի սոցիալական ցանցը միլիոնավոր օգտատերերի է կորցնում՝ սոցիալական այլ հարթակների ստեղծման պատճառով։ Միայն վերջին կես տարվա ընթացքում Facebook-ը կորցրել է ԱՄՆ-ի 9 մլն և Մեծ Բրիտանիայի 2 մլն օգտատիրոջ, տեղեկացնում է Russia Today-ը։

 

Facebook-ի իրենց հաշիվներն ավելի քիչ են սկսել օգտագործել Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ճապոնիայի օգտատերերը։ Այսօր Facebook-ին ակտիվորեն միանում են միայն Հարավային Ամերիկայի և Հնդկաստանի բնակիչները։


Facebook-ի ներկայացուցիչներն ավելի կարևոր շուկաներում աճի բացակայությունը պատճառաբանում են այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի այն բնակիչները, ովքեր ցանկացել են էջ ունենալ սոցիալական ցանցում, արդեն դա արել են։


Բացի այդ, մեծ արագությամբ հեղինակություն են ձեռք բերում համացանցում հայտնված նոր սոցիալական ցանցերը։

Ամենալավ արդյունքներն ունի Instagram ծառայությունը, որը նախատեսված է լուսանկարների փոխանակման համար։
 

Ինչպես նշում է աղբյուրը, այժմ արդեն Facebook-ը կարող է կրկնել MySpace-ի ճակատագիրը, որը մի ժամանակ աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցն էր։


Նաև հայտնի է, որ ամերիկացիները սկսել են ավելի քիչ մտնել Facebook ու այնտեղ ավելի քիչ ժամանակ են անցկացնում՝ նախընտրությունը տալով սմարթֆոնների հավելվածներին։


Հենց սմարթֆոնների վրա էլ հույսը դրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով փորձում է դիմակայել մրցակիցների նորարարություններին։

 

Facebook-ը կորցնում է հանրաճանաչությունը. օգտատերերը նոր սոցցանցեր են նախընտրում