Գրիպի և սուր շնչառական վարակների առումով այսօր Հայաստանում հանգիստ վիճակ է. մասնագետ

12:42 • 29.04.13

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ գրիպի և սուր շնչառական վարակների առումով այսօր հանրապետությունում հանգիստ վիճակ է, հիվանդների թիվը կտրուկ նվազել է, ինչը հիմք է հանդիսացել, որ օրական մշտադիտարկումներից անցում կատարվի շաբաթականի։

Ըստ շաբաթական դիտարկման արդյունքների՝ հիվանդացության թիվը բավական նվազել է, ինչին նպաստել են ներկայիս եղանակային պայմանները։


Մասնագետը խոսեց գրիպի նոր՝ H7N9 ենթատեսակի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս արձանագրվել է 109 հաստատված հիվանդ Չինաստանում, որից 22–ը մահվան ելքով։


«Այս ենթատեսակը բնորոշ է թռչուններին, և լաբորատոր հետազոտությունները վկայում են, որ այս հարուցիչը նաև արձանագրվում է բնակչության շրջանում»,–ասաց նա՝ նշելով, որ նոր ենթատեսակի գրիպից մարդուց մարդուն վարակման դեպքեր դեռևս արձանագրված չեն։


Ըստ նրա՝ Այս նոր ենթատեսակի վտանգն այն է, որ դեռևս մարդու օրգանիզմը ծանոթ չէ նոր հարուցիչին, բայց սա էլ բավականին զգայուն է այն հակավիրուսային պրեպարատների նկատմամբ, որոնք մինչ այսօր կիրառվել են։

Մասնագետը վստահեցրեց, որ թռչնամիսը, եթե ենթարկվում է պատշաճ թերմիկ մշակման, դառնում է բացարձակ անվտանգ օգտագործման համար։


Վիրուս նկատելու դեպքում Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի։ Վերջինիս փոխանցմամբ՝ յուրաքանչյուր գրիպի դեպքում բարդությունը ծանր թոքաբորբն է, և բոլոր մահացության դեպքերում էլ դա է պատճառը։


Ըստ մասնագետի՝ Հայաստանում անցած շաբաթ գրանցվել է սուր շնչառական վարակների 4000 դեպք, ինչը գրեթե երկու անգամ նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։