ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն «ինչ-ինչ գործընթացներ» են խոչընդոտում. Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խանգարում են «ինչ-ինչ» գործընթացներ։ Ինչպես հայտնում է apsny.ge-ն, այդ մասին վարչապետն այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոս» սեմինարի բացման ընթացքում։
«Այս սեմինարն անցկացվում է արդեն չորրորդ անգամ, և դա լավ է։ Վրաստանն այդ ուղղությամբ շատ բան է արել իր ակտիվությամբ։ Մենք լիովին պատրաստ ենք ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն ինչ-ինչ գործընթանցներ խանգարում են դրան։ Դա բարդացնում է գրավյալ տարածքների առկայությունը։ Կարծում եմ՝ մեր գործունեությամբ մենք մոտ ապագայում կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,-հայտարարել է Իվանիշվիլին։
Աղբյուրը նշում է, որ «ինչ-ինչ գործընթացների» մասին, որոնք խոչընդոտում են երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, խոսել է նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գեորգի Բարամիձեն։
Նրա խոսքով՝ իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի խոչընդոտեն եվրատլանտյան կառույցներին երկրի ինտեգրմանը։
Թբիլիսիում այսօր մեկնարկած սեմինարին մասնակցում են խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչները։ Սեմինարը կտևի մինչև մայիսի 1-ը։










