Հնդկաստանում 22 մարդ է կասկածվում 6-ամյա աղջկա բռնաբարության համար

11:43 • 29.04.13

Դելիում (Հնդկաստան) հասարակական զուգարանում բռնաբարվել է 6-ամյա մի աղջիկ։ Այս դեպքը տեղի է ունեցել մեկ այլ  սարսափելի դեպքից մի քանի օր անց, երբ մայրաքաղաքում դժգոհությունների և զանգվածային ցույցերի բողոքի ալիք էր բարձրացրել 5-ամյա աղջնակի բռնաբարությունը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով newsru.com-ին։

 

Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատությունից հետո գտնվում է կայուն վիճակում։ Ըստ ոստիկանության՝ արդեն ձերբակալվել է 22 կասկածյալ։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, Դելիի ծայրամասային Բադարպուր շրջանում։


Ոստիկանության ներկայացուցիչ Աջայ Չաուդհրին ասել է, որ երեխայի վրա հարձակվել են շրջանի ետնախորշերում գտնվող հասարակական զուգարանում, որտեղ նրան գտել են արյունահոսող վիճակում։

 

Վերջին շաբաթների ընթացքում հազարավոր մարդիկ դուրս են եկել հնդկական քաղաքների փողոցներ՝ կանանց և աղջիկների անդադար բռնաբարությունների դեմ իրենց բողոքն արտահայտելու և կտրուկ քայլեր պահանջելու համար։

 

Կառավարության ղեկավար Մանմոհան Սինգհը պահանջել է արմատապես փոխել կանանց անվտանգության հետ կապված իրավիճակը։ Խորհրդարանի երկու պալատներն ընդունել են օրենք, որը կոչված է խստացնել բռնաբարության և սեռական բնույթի այլ հանցագործությունների համար պատիժները. այսուհետ հանցագործները կարող են դատապարտվել անգամ մահապատժի։