Հնդիկ կասկադյորը մահացել է համաշխարհային ռեկորդ սահմանելու ժամանակ (տեսանյութ)
Հնդկաստանի 50-ամյա բնակիչ, մասնագիտությամբ կասկադյոր Սաիլենդրա Նաթ Ռոյը մահացել է Տիստա գետը՝ վերևում ամրացված ճոպանին կապված մազերով անցնելու համաշխարհային ռեկորդը սահմանելու ժամանակ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Նաթ Ռոյն արդեն անցել էր կես ճանապարհը, երբ նրա մազափունջը մտել է ճոպանի արանքը, ու հնդիկը ստիպված է եղել 25 րոպե այդպես կախված մնալ օդում։ Ապարդյուն փորձելով սեփական ուժերով իրեն ազատել՝ Նաթ Ռոյը սրտի կաթված է ստացել ու մահացել։
Ծովի մակարդակից 5.330 մ բարձրության վրա գտնվող Տիստա գետի մոտ հազարից ավելի մարդ է հավաքվել համաշխարհային ռեկորդի սահմանմանը ներկա գտնվելու համար։ Հավաքվածները պատմել են, որ չեն հասկացել, որ Նաթ Ռոյը վտանգի մեջ է, քանի որ հավաքված բազմության աղմուկ-աղաղակն է խանգարել։
Դժբախտ միջադեպից 45 րոպե անց փրկարարները նրան ցած են իջեցրել, տեղափոխել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել։ Այնուհանդերձ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները որոշել են կիսատ մնացած ռեկորդը պաշտոնապես գրանցել։
Նաթ Ռոյն աշխարհում հայտնի էր մազերի միջոցով ամենաանհավանական ծանր իրերը տեղափոխելու կարողությամբ։










