Պարզվեց՝ «մեղավորը» Մարտուն Գրիգորյանն է. պատգամավորը՝ Գյումրիի աղմկոտ դեպքերի մասին
Գյումրիից ընտրված ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը, անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած կրակոցներին, անհերքելի է համարել իրողությունը, որ Մարտուն Գրիգորյանը տուժող կողմ է, մինչդեռ որոշ լրատվամիջոցներ նրան են մեղավոր համարում՝ «գերադասելով նյութական շահը»:
Պատգամավորը, որպես տուժող կողմ է ներկայանում, քանի որ իր գրասենյակի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ հաստատվում է, որ ապրիլի 23-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանված Արտյոմ Կարապետյանը Մարտուն Գրիգորյանի շրջապատի ու թիմի լավագույն ընկերը, իսկ Հարություն Խաչատրյանը, ով հրազենային վնասվածք է ստացել իր երեխայի աչքի առաջ, նրա բարեկամն է, մտերիմը և ընտանիքի քավորը։
«Ուզածներդ ի՞նչ է, մի փամփուշտ էլ երեխային կպներ, որ սրտներդ հովանա՞ր, որ զսպվեի՞ք: Թվում էր, թե իրերը կկոչեն իրենց անուններով, որոշ «հեղինակներ» զերծ կմնան անհարկի որակումներից, բամբասանքից, հնացած, ստահոդ, հոգնեցնող պատմական էքսկուրսներից: Կամ գոնե կտարբերվեին նախընտրական շրջանին հարիր պահվածքից: Բայց պարզվեց, որ իզուր էր թվում: «Հրապարակ» օրաթերթը (թթ073,075,2013թ), օրինակ, չկարողացավ զսպել ախորժակը և կրկին հայտնվեց ինքնամոռացման գրկում: Ճիշտ, սուտ, հիմնավոր, անհիմն, ապացուցելի, թե ոչ, «լավ» տեղերը երկու անգամ կրկնելով, մոռացավ ապրիլի 23-ն էլ, զոհին էլ, վիրավորին էլ ու լեշ տեսած բորենու նման հարձակվեց պատգամավորի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել էր միջադեպին, ասելով՝ «դուք պատգամավո՞ր եք, թե գողական» և հայտարարել, որ իր տեղակալներին զանգահարում են պատգամավորներ, խնդրում, որ ձերբակալվածները ոչ թե գրավոր ցուցմունք գրեն, այլ բանավոր ասեն:
Ըստ «Հրապարակի» հեղինակի կարծիքով՝ Վլադիմիր Գասպարյանը ակնարկել էր հենց Մարտուն Գրիգորյանին, ինչը հաղորդագրության մեջ հերքվում է:
«Կամ այդ ո՞վ է հասկացել, որ ոստիկանապետի հիշատակած պատգամավորը Մարտուն Գրիգորյանն է: Միանգամից ասենք, որ այդ պատգամավորը Մարտուն Գրիգորյանը չէ, որովհետև որևէ անգամ, որևէ առիթով Մարտուն Գրիգորյանը ոչ ոստիկանապետին, ոչ էլ տեղակալին չի դիմել, չի զանգահարել, քանի որ մոտիկից իրար չեն էլ ճանաչել»,- նշում է պատգամավորի գրասենյակը:
«Ոստիկանապետի հայտնի ասուլիսը մենք էլ ենք դիտել և չենք կարող համաձայն չլինել այն պնդման հետ, որ որևէ մեկի ապրելու կերպը չպետք է խանգարի մյուսներին»,- ասվում է հայտարարությունում։
Մարտուն Գրիգորյանի և Գյումրու նախկին քաղաքապետի թշնամության մասով հայտարարությունում ասվում է հետևյալը.« 2008թ-ից սկսած, երբ այս երկու անձինք պայքարում էին քաղաքապետի պաշտոնի համար, պատգամավորը բոլոր առիթներն օգտագործել է ասելու համար, որ ընտրապայքարը չպետք է թշնամանք սերմանի, որ նախկին քաղաքապետի հետ չհասկացվածությունը չունի այլ հիմքեր, քան 2008թ-ի ընտրապայքարը:
Մարդը չի հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքապետի ընտրություններում 2008թ-ին առաջադրվել են իր դեմ, 2012թ-ի ԱԺ ընտրություններում հաղթել են հենց իրեն, և այդպիսով է սկիզբ դրվել իր անկմանը քաղաքական դաշտում: Չի կարողանում հաշտվել իրականության հետ, ու արվում է այն, ինչ տեսանելի է ու հասկանալի:
Խեղդվող մարդն իր հետ մարդ է ուզում տանել: Լրատվությանը այս հարցը չի՞ հուզում: Թե՞ որ հուզեր ի՞նչ, այս թեմայով պատվեր չկա: Թշնամություն հրահրող մարդը կոչ կանե՞ր ներկա ու նախկին քաղաքապետերին հաշտվելու, միմյանց նկատմամբ անհարգալից արտահայտություններից զերծ մնալու: Մենք համոզված ենք, որ չէր անի, դուք՝ չգիտենք»:
Մարտուն Գրիգորյանի գրասենյակը նաև հերքում է «վենդետայի», մարզի դատախազի և Մարտուն Գրիգորյանի հոր համատեղ բիզնեսին մասին տեղեկությունները, ապա դրանք որակում որպես անհեթեթություններ և պատվիրված, բանսարկություններ:










