Մեքսիկուհիները բռնցքամարտով են զբաղվում՝ ինքնապաշտպանվելու համար
Մեքսիկայում քրեածին իրավիճակը, ինչպես նաև փողոցային և տնային բռնության հաճախակի դեպքերը կանանց հանդեպ ստիպել են մեքսիկուհիներին բռնցքամարտով զբաղվել, գրում է ИТАР-ТАСС-ը։
Վերջերս Մեխիկոյում բացված բռնցքամարտի դպրոցի նկատմամբ, ի զարմանս սեփականատերերի, մեծ է հետաքրքրությունը հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից։
Դպրոց այցելողների մեծամասնությունը պարբերաբար բռնության է ենթարկվում սեփական ամուսինների կողմից։
Սկսնակ մարզիկների թվում կան նաև այնպիսինները, ովքեր ապրում են անապահով թաղամասերում կամ ստիպված են երեկոյան ուշ վերադառնալ տուն։
Պարապմունքներն անցկացնում են նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները։ «Մենք չէինք էլ ենթադրում, որ մեր պարապմունքները նման հետաքրքրություն կառաջացնեն աղջիկների և կանանց մոտ։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք թույլերին սովորեցնել ինքնապաշտպանվել վտանգի պահին, և պատրաստ ենք ընդունել բոլոր ցանկացողներին»,- ասել է դպրոցի սեփականատերերից Խոսե Լուիս Ռոմերոն։










