Մոսկվայում կողոպտել են Անաստասիա Վոլոչկովայի տունը, ծեծել սպասուհուն

08:31 • 29.04.13

Ռուսաստանի իրավապահ մարմինները փնտրում են երեք հանցագործների, ովքեր երկուշաբթի առավոտյան մտել են բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի տուն և կողոպտել այն, տեղեկացնում է gazeta.ru-ն։


«Այսօր մոտ 6։30 հաղորդագրություն է ստացվել Մոսկվայի հյուսիս-արևելքում Մոլոկովա փողոցում տեղակայված մասնավոր տան վրա կողոպտիչ հարձակման մասին։ Զանգահարող կինը պատմել է, որ երեք անհայտ անձինք մտել են տուն, հարվածել իր ամուսնուն և ևս մեկ կնոջ։ Դրանից հետո չարագործները բարձրացել են վերևի հարկ և տարել երկու պահարան»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։


Կողոպուտի ծավալները դեռ ճշտվում են։ Նախնական տվյալներով՝ հարձակման պահին Անաստասիա Վոլոչկովան տանը չի եղել։


ՌԴ ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը, սակայն չի նշել տան սեփականատիրոջ անունը։