Խանտի-Մանսիյսկում մահակներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում այսօր մահակներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։
Զանգվածային ծեծկռտուքը կազմակերպելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 քաղաքացի։ Նրանց ինքնությունն ու դեպքի մանրամասները չեն հաղորդվում։
Դեպքի վայրի զննության արդյունքում ավտոմեքենաներից մեկում բեյսբոլի մահակ է հայտնաբերվել։ Մեքենայի տերը նույնպես ցուցմունք է տվել։
Քաղաքային ինտերնետ-ֆորումների մասնակիցների հավաստմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ զինված ձողերով և մահակներով։ «Այժմ մոտ 300-350 մարդ՝զինված մահակներով և ձողերով, իրար վրա հարձակվեցին»,-ասված է օգտատերերից մեկի հաղորդագրության մեջ, որտեղ նաև լուսանկար է տեղադրված։ Այլ մասնակիցներ նշել են, որ բախումը տեղի է ունեցել մանկապարտեզի շենքի մոտ։
Նման մեկ այլ միջադեպ տեղի էր ունեցել ապրիլի կեսերին՝ Սուրգուտում։ Երիտասարդների մի խումբ հավաքվել էր առևտրի կենտրոններից մեկի մոտ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձայներ էին լսել, որոնք նման էին եղել կրակոցների։
Ոստիկանությունը հավաքվածների մոտից տարբեր տեսակի զենքեր, մահակներ, երկաթե խողովակներ, մուրճեր և այլ իրեր էր հայտնաբերել։










