Միջազգային հանրությունը պետք է լրջորեն վերաբերվի ԼՂ-ը վերադարձնելու Բաքվի սպառնալիքին.Բակո Սահակյանի հարցազրույցը՝ AFP-ին
«Միջազգային հանրությունը պետք է լրջորեն վերաբերվի Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանի սպառնալիքներին և դատապարտի փութաջանորեն սպառազինվելու Բաքվի քաղաքականությունը»,-ֆրանսիական «Ֆրանսպրես» (Agence France Presse) գործակալության հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականից, Սահակյանը հավելել է, որ Բաքվի որդեգրած «շարունակ սպառազինվելու քաղաքականությունը» լարվածություն է հրահրում տարածաշրջանում: «Մեզ մտահոգում է Ադրբեջանի շարունակ սպառազինման քաղաքականությունը, քանի որ դրանում նաև մեր երկրի դեմ ուղղված հստակ և պարզորոշ սպառնալիք կա,-հայտարարել է Սահակյանը:- Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս ամենին»:
Բակո Սահակյանը, անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը, նշել է, որ թեև ինքը բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց, «բեկում արձանագրելու համար անհրաժեշտ նշաններ» չի տեսնում, այդուհանդերձ՝ խնդրի կարգավորման միակ ուղին երկխոսությունն է:
«Սա բարդ խնդիր է, և չպետք է ակնկալել, որ այն կլուծվի վաղը կամ մյուս օրը: Այդուհանդերձ, խնդրի խաղաղ և երկխոսության միջոցով կարգավորումն այլընտրանք չունի»,-նշել է նա:
Բակո Սահակյանը շարունակելով նշել է, որ բանակցություններում իրական առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և ԼՂՀ-ը բանակցությունների կողմ դարձնել: «Բանակցային գործընթացում իրական և լուրջ առաջընթաց արձանագրելու համար ԼՂՀ ներկակացուցիչները ևս պետք է ներգրավվեն դրանում»,-հայտարարել է Սահակյանը:
Արցախի նախագահը գործակալության հետ զրույցում անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը ու նշել, որ այն բացառապես քաղաքացիական և մարդասիրական նպատակներ է հետապնդում ( ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին կապող հիմնական ուղին երկար և ոլորուն, տեղ-տեղ լեռնային մի ճանապարհ է, որ ձմռանը դժվարանցանելի է, իսկ Երևանից Ստեփանակերտ հասնելու համար անհրաժեշտ է մոտ 8 ժամ-Tert.am):
«Այս նախաձեռնությունը չպետք է կապել խնդրի լուծման հետ կամ դիտարկել այդ համատեքստում: Քաղաքացիական թռիչքներն իրար են կապելու Երևանը և Ստեփանակերտը, և այդ թռիչքներն օգնելու են մեզ դուրս գալ մեզ պարտադրված մեկուսացված վիճակից»,-ասել է Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանը «Ֆրանսպրեսին» հարցազրույց է տվել եռօրյա աշխատանքային այցով (ապրիլի 25-28) Ֆրանսիայում գտնվելու ժամանակ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ)Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին համաձայնագիրը. հակամարտության գոտում ավարտվեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ-ից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ են ընթանում:










