Բրիտանիայում դուստրը բանկ է տարել հոր աճյունի փոշին՝ նրա հաշիվը փակելու համար

12:58 • 30.04.13

Բրիտանական բանկը երկու տարի շարունակ տոկոս է հաշվել մի հաճախորդից և հրաժարվել է փակել նրա հաշիվը՝ անգամ նրա մահվան ապացույցի առկայության պարագայում, գրում է Life News-ը։

 

Բրիտանական Դևենպորտ քաղաքի բնակչուհի Շիոբոն Փիրսը ստիպված է եղել բանկ տանել իր մահացած հոր աճյունի մոխիրը, որպեսզի վերջապես փակեն հաշիվը։


68-ամյա Դևիդը մահացել է 2011թ.-ի հոկտեմբերին՝ քաղցկեղից։ Նրա դիակիզումից հետո աղջիկն սկսել է նամակներ ստանալ ֆինանսական հաստատությունից։

 

Բանկը պնդել է, որ հաճախորդը պարտք է մնացել 9 դոլար, որն անհրաժեշտ է փակել։
 

Շիոբոնը բանկ է ուղարկել հոր մահվան վկայականի պատճենը, սակայն նրան հավաստիացրել են, որ դա բավարար պատճառ չէ հաշիվը փակելու համար։


Հաջորդ երկու տարիների ընթացքում հանգուցյալի պարտքը հասել է 950 դոլարի։


«Ես ստացել եմ ավելի քան 20 նամակ և ի վերջո ձանձրացել այդ հետապնդումից։ Ես հաստատ գիտեի, որ հայրս ոչինչ պարտք չի եղել։ Եվ այդ ժամանակ ես վերցրի հորս աճյունի փոշու սափորը, մահվան վկայականի բնօրինակն ու գնացի բանկ»,-պատմել է Փիրսը։


Նա բանկի աշխատակիցների աչքի առջև է դրել սափորն ու հայտարարել. «Ձեզ ապացույցնե՞ր են պետք, որ իմ հայրը մահացել է, ահա դրանք։ Ես դրանք բերել եմ ինձ հետ»։


Բանկի ղեկավարությունը հաղորդել է, որ միսս Փիրսի այցը վերջ կդնի բոլոր թյուրիմացություններին, և նրա հոր հաշիվը կփակվի։ Սակայն ամեն դեպքում որոշ ժամանակ կպահանջվի խնդրի վերջնական լուծման համար։