Հայաստանում 2013-ի 1–ին եռամսյակում ամուսնությունները նվազել են 1.6%-ով
2013թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ամուսնության 4591 և ամուսնալուծության 897 դեպք, իսկ ամուսնությունները նվազել են 1.6%-ով, այս վիճակագրական տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տվյալները իրենք ստացել են Արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի կացության և գրանցման տարածքային բաժիններից, ինչը նշանակում է, որ տվյալները վերաբերում են միայն գրանցում ունեցող քաղաքացիներին:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունները 1.6%-ով նվազել են, քանի որ 2012թ-ի առաջին կիսամյակում գրանցվել են 4668 ամուսնություններ: Եթե հարաբերական ցուցանիշներին անդրադառնանք, պետք է նշել, որ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով առաջին եռամսյակում գրանցվել է 6 ամուսնություն»,– ասաց նա:
Կարինե Կույումջյանը նշեց, որ ամուսնությունների նվազման դեպքերը հիմնականում արձանագրվել են Երևանում, Արարատում, իսկ ամուսնալուծությունների աճ է գրանցվել Արմավիրում, Գեղարքունիքում և Տավուշում։
2013թ-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցված ամուսնալուծության դեպքերը (897), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դեպքերի (779) համեմատ 15.1%-ով աճել են:
«Եթե 2012թ-ի 1-ին եռամսյակում 1000 բնակչի դեպքում (ամուսնալուծության-Tert.am) գործակիցը 1 պրոմիլ էր, ապա այս տարի նույն ցուցանիշը կազմում է 1.1: Սակայն դեպքերը նվազել են Երևանում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզում, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիի մարզում՝ 1000 բնակչի համար 2.1 պրոմիլ»,- ասաց նա:
Կարինե Կույումջյանը ներկայացրեց նաև 2011թ-ի մարդահամարի արդյունքում հանրապետությունում ստացված ամուսնալուծությունների ու ամուսնացածների մասին վիճակագրական տվյալները և համեմատություն անցկացրեց 2001թ-ի մարդահամարի հետ:
Այսպիսով 2011թ-ի մարդահամարի տվյալներով՝ երբեք ամուսնացած չի եղել տղամարդկանց 32.6 %-ը, ինչը 2.6%–ով ավելի է 2001-ի (24.6%) մարդահամարով գրանցված ցուցանիշի համեմատ։
Բացի այդ, 2011-ի տվյալներով՝ 2%-ով նվազել է ամուսնացած տղամարդկանց թիվը՝ 63%-ը (2001-ին եղել է 65%):
Կանանց շրջանում 2011թ-ի մարդահամարի տվյալներով` երբեք ամուսնացած չեն եղել 24.6%-ը, ինչը 2001-ի համեմատ ավելացել է 1.8%-ով, ամուսնացած են՝ 57.7%-ը, ինչը նվազել է 1.3%-ով, ամուսնալուծված են՝ 3.8%-ը, ինչը նվազել է 0.3%-ով 2001թ-ի մարդահամարի արդյունքներով:
Կարինե Կույումջյանը ներկայացրեց նաև կանանց ու տղամարդկանց ամուսնության միջին տարիքը և նշեց, որ դրանք հարկ է համեմատել ավելի երկար ժամանակահատվածում 1990-ական թվականների հետ:
Ըստ այդմ, եթե 1990-ական թվականների կեսերին տղաների ամուսնության միջին տարիքը 27-ն էր, ապա այն այսօր 29.5-ն է, աղջիկների դեպքում այն 22.3-ից բարձրացել է ու դարձել 25.6: «Սա նշանակում է, որ ամուսնության տարիքը երկու սեռերի համար էլ շուրջ 2.5 տարով բարձրացել է»,-ասաց նա:










