Ոչ ոք թող հույս չունենա, որ կարող է մեզ թևաթափ անել. Լևոն Տեր–Պետրոսյան (տարբերակ 9, տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հանրահավաքը, որին ելույթ կունենա կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքին ելույթ կունենան նաև Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը և մի շարք այլ կուսակցականներ:
Նշենք, որ այս հանրահավաքը 2012թ-ի աշնանից հետո, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից համանուն կուսակցության վերածվելուց հետո Կոնգրեսի առաջին հանրահավաքն է:
18.56
Ավագանու ընտրություններով որոշվելու է ոչ միայն քաղաքապետի, այլև իշխանության խնդիրը. Ա. Մանուկյան
ՀԱԿ հանրահավաքի բացումն արեց կուսակցության քարտուղար, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ մի քանի օրից տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները, որոնք ըստ նրա՝ միայն տեղական ընտրություններ չեն, և այն միայն երևանցիներին չի վերաբերում:
«Սա միայն աղբի, կանաչապատման, ջրի խնդիրների հարցը չէ, իհարկե, բոլոր այդ հարցերը կան, բայց այս ընտրությունները ավելին են, քան սովորականները: Երևանում է որոշվելու ոչ միայն ավագանու կամ քաղաքապետի ով լինելը, այլ իշխանության խնդիրը, որովհետև մայրաքաղաքում են կենտրոնացված երկիրը կառավարող բոլոր կառույցները: Եթե այս ընտրություններում Հանրապետականին զրկենք մենաշնորհից, սուրբ մայրաքաղաքից, ապա մենք կլինենք լավ քաղաքական ուժ ու վստահելի «պարտնյորներ»»,- ասաց նա:
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են ուժերը միավորել ու Երևանը իր իսկ խոսքերով՝ ազատագրել, վերցնել իշխանության ձեռքից:
«Տրամադրվեք, որ սա շատ կարևոր ակցիա է, սովորական քվեարկություն չէ, համոզեք ձեր բարեկամներին գան ու քվեարկեն, իրենց կյանքից 15 րոպե տրամադրեն հայրենիքի բախտի որոշման համար»,- ասաց նա:
Նա հավաքվածներին հիշեցրեց, որ վերջին նախագահական ընտրություններին իշխանությունը մայրաքաղաքում պարտվել է, և ժողովուրդը իր ձայնը տվել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
«ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում այդ ձայները ստանալու։ Նա այն քաղաքական ուժն է, որը ամենավստահելին է, ամենականխատեսելին, ժողովրդին կողքին կանգնածը ու ողնաշարը ամենապինդը պահածը: Մեզ կոտրել չկա, երբեք, ես միշտ կրկնել եմ, հալալ է այն ուժերին, որոնք այսպես են մտածում ու այսպես են գործելու: Մենք ողջունում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունը և իրենց ձայներին տեր կանգնելը»,- ասաց և ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՀԱԿ-ը այն ուժն է, որը պատրաստ է վերցնելու քաղաքային իշխանությունը և այդ պատասխանատվությունը:
19.07
Տարոն Մարգարյանը մի քանի տարիների ընթացքում մոտ 10 մլն դոլար է դիզել. Գայանե Ղազարյան
ՀԱԿ–ի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ՀԱԿ անդամ Գայանե Ղազարյանը՝ երջանկահիշատակ Ռաֆայել Ղազարյանի դուստրը, ով ասաց, որ «մեզանից խլել են բոլոր լծակները, և Տարոն Մարգարյանը՝ պետական ծառայության անցնելով, մի քանի տարիների ընթացքում մոտ տասը միլիոն դոլարի ունեցվածք է դիզել»:
«Եվ սա ընդամենը իր կողմից հայտարարագրված փաստաթղթում: Ներառված չէ իր հարազատների ունեցվածքը, սա միայն իրեն պատկանող ունեցվածքն է և դրա մասին մենք ինչքան ժամանակ է բարձրաձայնում ենք, բայց որևիցե պատասխան չենք ստացել: Հաշվետվություն, թե ինչ միջոցներով է Տարոն Մարգարյանը մի քանի տարիների ընթացքում այդ աղքատ երկրում, որտեղ մեծ մասը աղքատ է և գործազուրկ, կուտակել տասը միլիոն դոլար»,- հայտարարեց բանախոսը, ով ՀԱԿ ավագանու թեկնածու է:
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհների մեծ մասը վերացնելու հարցում առաջիկա ավագանու ընտրությունները կարևորագույն ընտրություններ են:
«Հիմա փորձում են հիմնավորել, թե քաղաքային ընտրությունները որևէ նշանակություն չունեն, դա բացարձակ սուտ է: Քանի որ բացառիկ կարևորություն են ներկայացնում իշխանությանն իր թալանչի մեխանիզմների մեծ մասից զրկելու համար»,- ասաց նա՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Որպեսզի կարողանան այս ընտրությունները դնել նորմալ հունի մեջ:
19.16
Հանրապետականը Երևանում ձայն չունի. Վլադիմիր Կարապետյան
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ կուսակցության ներկայացրած ցուցակի անդամ Վլադիմիր Կարապետյանն իր ելույթում հայտնեց, որ երիտասարդների իրենց թիմի հետ նա եղել է Նոր Նորք վարչական շրջանի հարյուրավոր տներում և ինչպես իր կուսակից Արման Մուսինյանը, ինքն էլ համոզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանում ձայն չունի:
«Գիտակից, մտածող ընտրողը չի կարող ձայն տալ մեկին, ով հայերեն նորմալ խոսել չգիտի, ունի միջին կարողություններ, բայց մեծ ագահություն: Երևանում բոլորը գիտեն, որ Հանրապետականի դրածոն խուսափում է մրցակիցների հետ բանավեճից, կաշկանդվում է լրատվամիջոցներից. պաթոլոգիական վախ ունի այն հեռանկարի նկատմամբ, երբ պետք կլինի հաշվետվություն ներկայացնել իր անհասկանալի հարստության վերաբերյալ»,- ասաց նա:
«Լավ, Հանրապետականում չկա՞ մեկը, որը պատասխանի՝ որտեղի՞ց պետական չինովնիկին նման հարստություն: Չկա, որովհետև նրանք չեն պատկերացնում, որ կարող ես լինել պաշտոնյա և ազնիվ աշխատես»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը մարմնավորում է իշխող կուսակցությանը և, կարծեք թե, նրա խորհրդանիշը լինի:
«Ինձ մոտ տպավորություն է, որ Տարոնը հաղթել է և ճանաչվել է Հանրապետական կուսակցության ամենախելացի, ինտելեկտուալ և «մաքուր ձեռքերով» պաշտոնյան: Երևի ամենամաքուրը հանրապետականների մեջ ինքն է, որ իրեն են ընտրել առաջին համար»,- հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը:
Նա ասաց, որ ապշած է, որ առաջարկում են մարդուն, որին «շրջապատում են նեմեցները, լֆիկները, տուրբոները»:
19.22
Երևանի քաղաքապետի պաշտոնին կհայտնվի ոչ հանրապետական թեկնածու. Արման Մուսինյան
ՀԱԿ մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ցուցակի 3-րդ համար Արման Մուսինյանը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին անդրադարձավ մի քանի տեսանկյունից:
Նա նշեց, որ չնայած նախագահական ընտրություններից հետո հասարակությունը հիասթափություն ապրեց, սակայն այս ընտրարշավի ընթացքում իրենք նույն հասարակությանը կարողացել են ակտիվացնել և մյուս ընդդիմադիր ուժերի հետ բացատրել ներկայիս ընտրությունների կարևորությունը:
«Մյուս հանգամանքն այն է, որ մեր դռնեդուռ քարոզչության ընթացքում ապացուցվեց հասարակության տոտալ ատելությունն իշխող վարչախմբի նկատմամբ: Հանրապետականի տեղական պատասխանատուները չեն ընդդիմանում ռեժիմի իրենց պարագլխի կարկառուն ներկայացուցիչների դեմ քննադատություններին: Պատկերացրեք ինչքան է ատելությունը ռեժիմի նկատմամբ»,- ասաց նա և ընդգծեց, որ նման պարագայում իշխանությանը մնում է մի բան. գողանալ ու զավթել ժողովրդի ձայնը:
Արման Մուսինյանը նշեց, որ իշխանությունները զանգվածային որոշ լրատվամիջոցներով անընդհատ իրենց վարկաբեկում կամ սուտ տեղեկություններ են տարածում։ Ինչը, ըստ նրա, նշանակում է, որ իշխանությունն ուղղակի վախեցած է ՀԱԿ-ի թիմի ունակություններից, քաղաքական թիմի ռազմավարական ու ճշգրիտ հաշվարկներից:
«Մենք իրական քաղաքական ուժ ենք, ունեցել ենք դժվարություններ, կորուստներ, բայց հենց դրանով ենք ուժեղ, նրանք ովքեր անձնականից ու շահադիտականից վեր սկզբունքներ ունեն, կարող են հասնել հաջողությունների: Հանրապետականից մնալու է միայն «հ» տառը»,- ասաց նա:
Արման Մուսինյանը ևս ընդգծեց, որ մայիսի 5-ին հաղթելու իրական շանս կլինի, եթե ոչ իշխանական ուժերը լարեն իրենց ուժերը, կազմակերպեն գրագետ դիմադրություն ՀՀԿ-ի ծրագրած կեղծիքների դեմ:
«Վստա՛հ եղեք, որ այդ դեպքում քաղաքապետի պաշտոնին կհայտնվի ոչ հանրապետական քաղաքապետ, իսկ մեր լավ աշխատանքի դեպքում կլինի Վահագն Խաչատրյանը»,- ասաց նա:
19.28
Կարևոր է մայիսի 5-ին ձեր մասնակցությունը և իշխանություններին ձայն չտալը. Զոյա Թադևոսյան
Երևանի ավագանու ընտրություններին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացրած ցուցակի անդամ Զոյա Թադևոսյանը ՀԱԿ հանրահավաքին նախ նշեց, որ ուրախ է, որ, վերջապես, նորից հավաքվել են իրենց «կարոտատեղում» և ապա կարևորեց մայիսի 5-ին սպասվող ընտրությունները՝ երևանցիներին կոչ անելով ձայն չտալ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։
«Զգում էի այս էներգետիկայի կարոտը և ուրախ եմ, միասին ենք»,- ասաց նա և ապա խոսեց մայիսի 5-ին սպասվող ընտրությունների մասին։ «Որքան կարևոր է ձեր մասնակցությունը մայիսի 5-ի ընտրություններին և որքան կարևոր է, որ դուք երբեք ձեր ձայնը չտաք ՀՀԿ թեկնածուին և, ի վերջո, կարևոր է հասկանանք, որ հայ ժողովուրդը չի կարող երկար խաբվել»,- նշեց նա։
Ըստ Զոյա Թադևոսյանի՝ ՀՀԿ-ն ծրագրված ոչնչացնում է Երևանը։ «Չեմ զլանա ևս մեկ անգամ հայտարարել, որ ՀՀԿ-ն նախատեսում է փոքր Երևանի կառուցապատման ծրագիր իրականացնել, դա նշանակում է, որ շատ երևանցիներ արժանանալու են այն բախտին, ինչ բախտի արժանացան Բուզանդի և Հյուսային բնակիչները»,- ավելացրեց նա։
ՀԱԿ ցուցակի անդամը վստահեցրեց, թե քաղաքային իշխանությունները քանդում են ամեն ինչ, իսկ կառուցելու շնորք չունեն։ «Կամ կառուցում են, որ իրենց լվացքը չորացնեն։ Ես վստահ եմ, որ ոչ մեկդ այս իշխանություններին ձայն չեք տալու, ձեր ճակատագիրն եք որոշում»,- շարունակեց նա։
Զոյա Թադևոսյանը խոստովանեց, որ ինքն էլ լսել է, որ ընտրակաշառքներ բաժանելու համար ցուցակներ են կազմում։ «Ես դեմ եմ ընտրակաշառքներին, բայց եթե ինչ-որ մտածողությունից դրդված վերցնում եք, վերցրեք, հալալ լինի, բայց երբեք ձայն չտաք նրանց»,- ասաց նա և ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ չնայած կհայտարարեն, թե վերահսկում են, իրականում, նրանք այդ հնարավորությունը չունեն։
«Միևնույնն է չեն կարող վերահսկել, կարուսել կանեն և արդեն իսկ քվեարկած թուղթ կտան ձեզ, վերցրեք արդեն նշվածը և քվեախցում էլի նշան ավելացրեք ու բերեք գցեք»,- խորհուրդ տվեց նա։
Զոյա Թադևոսյանը վստահ է, որ ՀԱԿ-ի հզորացումից ՀՀԿ-ն վախենում է։ «Վախենալով ՀԱԿ-ի հզորացումից, իրենց ախքերին բաց են թողել եթեր, որոնք փորձում են հիշեցնել մութ ու ցուրտ տարիները»,-ասաց նա և ընթերցելով ծննդով ղարաբաղցի իրենց համակիրներից մեկի գրառումը, նշեց, որ եթե այն ժամանակ մթում նստած հույս կար, ապա այսօր լույսին ու ուտելիքի առկայությանը, մարդիկ այլևս այս երկրի հետ հույս չեն կապում։
20.03
«Բեխաբար» զբոսաշրջիկը կկարծի, թե ՀՀ կառավարիչները քրիստոնեության մարմնավորումներ են.Լ. Զուրաբյան
Եթե բանից «բեխաբար արտասահմանցի մի զբոսաշրջիկ» ուզենա դատողություններ անել Հայաստանի կառավարիչների մասին՝ ելնելով վերջիններիս հրապարակային վարքից, ապա շատ զարմանալի եզրակացություն կանի, այն է՝ Հայաստանի ղեկավարները քրիստոնեական բարոյականության մարմնավորումներ են, Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անտեղյակ զբոսաշրջիկն, ըստ Լևոն Զուրաբյանի՝ այդպես կմտածի նաև ՀՀ ոստիկանապետի մասին, որը նրա խոսքով կարգադրել է բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Հիսուս Քրիստոսի նկարները, բայց Երևանի ոստիկանապետի պաշտոնում է նշանակել մի մարդու, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անցնում է որպես դահիճ:
«Նա բնավ չգիտի, որ նույն այդ քրիստոնյա ոստկանապետը ղեկավարում է մի համակարգ, որը կեղծելով ընտրական ցուցակները, տպելով տասնյակ հազարավոր կեղծ անձնագրեր, ոստիկանության անձնագրային բաժիններին հրամայելով զանգվածաբար կեղծել տվյալները, դարձել է ժողովրդի կամքի բռնաբարման և ընտրակեղծարարության, վարչախմբի կողմից իշխանության յուրացման գլխավոր գործիքը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
«Նա չգիտի՝ զբոսաշրջիկը, որ մարտունակ բանակի ստեղծման, Ադրբեջանին հակահարված տալու և Հայոց ցեղասպանություն ճանաչման ռազմատենչ կոչերը ընդամենը ծխածածկույթ են հայ ժողովրդի անխնա թալանի համար»,- ավելացրեց նա՝ նշելով, որ այդ զբոսաշրջիկը չգիտի, որ «ամենահայրենասիրական ուժը» քաղաքապետ է առաջարկում մի մարդու, ով իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել արաբական շեյխին հարիր հարստություն և որը «լկտիություն ունի ժողովրդից թալանվածը բացեիբաց ներկայացնել հայտարարագրերում»:
Լևոն Զուրաբյանը հեգնեց. «Դե շատ են սիրում հանրապետական տղաները մեր հայրենիքը, բայց, հիմնականում, գույքի տեսքով»:
ՀԱԿ-ի պատգամավորն ասաց, որ ժամանակն է այս ամենին վերջ տալ և «փրկել մեր երկիրը սրբապղծությունից»:
Խոսելով անելիքների մասին՝ Լևոն Զուրաբյան արձանագրեց, որ յուրաքանչյուր ազգի պատմության մեջ լինում են պահեր, երբ ժողովուրդը հնարավորություն է ստանում անմիջական մասնակցությամբ ազդել երկրի ճակատագրի համար:
Ըստ նրա՝ հիմա նման վճռորոշ շրջան է: Նա առաջարկեց նկատի ունենալ, որ առաջիկա չորս տարիներին, այլև ոչ մի ընտրություն՝ ո՛չ նախագահական, ո՛չ ՏԻՄ, ո՛չ խորհրդարանական է՛լ չեն լինելու: Ուստի, ինչ էլ, որ արվի, հիմա պետք է արվի, որպեսզի մայիսի 6-ին դրվեն հաղթանակի հիմքերը։ Հիմա է գործելու ժամանակը:
Իսկ գլխավոր խնդիրն է՝ կոտրել անտարբերության, ընտրությունների կանխորոշված լինելու մասին դատողություններից ծնվող մթնոլորտը, որը փորձում են կեղծ «գելափների» ու հնազանդ լրատվամիջոցների միջոցով սերմանել երևանցուն:
«Հիմա էլ ասում են՝ «Տարոնն արդեն անցել է: Եթե մի բան անցել է, ապա բարոյականության սահմանը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Ըստ Կոնգրեսի ունեցած տվյալների՝ Տարոն Մարգարյանի հարստության մասին իրենց հրապարակումներից հետո իրենց վարկանիշը ավելանում է, և այսօր երևանցիների մոտ 20%-ն ասում է, որ իր ձայնը տալու է ՀԱԿ-ին:
20.19
Երևանը դարձել է ավելի կեղտոտ, անհարմար քաղաք.Վահագն Խաչատրյան
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը և դիմելով հանրությանը ասաց, որ ինքը Երևանի քաղաքացի է՝ իր ուղնուծուծով, ապրելակերպով, պահվածքով:
Նա ընդգծեց, որ չի ընդունում այս իշխանությանը, որովհետև ըստ նրա, այն երևանցիներին չի հարգում:
«Ես միշտ խուսափել եմ որևէ մեկին գնահատական տալուց՝ հատկապես քաղաքապետին, որովհետև հասկանում եմ, թե դա ինչ ծանրագույն աշխատանք է, ավելի դժվար, քան վարչապետինը, որովհետև քաղաքապետի աշխատանքը սկսվում և ավարտվում է քաղաքի խնդիրներով»,- ասաց նա:
«Արթնանում է, ոտքը դուրս է հանում քաղաքի խնդիրներ են, վերջին քայլ է անում դեպի տուն նորից քաղաքի խնդիրներ: Բայց, ցավոք, այս իշխանությունը այդպես չէ, մենք իրենց համար գոյություն չունենք: Եթե այդպես լիներ, վերահսկիչ պալատի վերջին ուսումնասիրությունների արդյունքները չէին լինի: Ներկայացվել են, որ մոտ 10 մլն ծառ են տնկել, բայց ծառերը չկան: Մնացածը ինքներդ պատկերացրեք»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Երևանի նախկին քաղաքապետը նշեց, որ իրենց թիմի համար այս ընտրությունները ավելի շատ քաղաքական են, քանի որ ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները կամ կուսակցական դաշինքները:
«Իշխանությունը մեզ հակադարձեց, որ սա Երևանի կառավարչի կամ մենեջերի ընտրություն է: Չի կարող այդպես լինել, որովհետև եթե մենեջեր ենք ընտրում, եկեք դրեք մեկին ու վերջ: Իրենք շատ լավ հասկանում են, որ որևէ արգումենտ չունեն մեր ընտրվելու համար ու հասկանում են, որ աշխատել են ու ոչինչ չեն տվել մեզ: Երևանը դարձել է ավելի կեղտոտ, ավելի անհարմարավետ, օրեցօր պակասում է կանաչը, զբոսայգիները, հանրային տարածքները: Երևանը դառնում է մեզ համար անհարմար քաղաք»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանն ընդգծեց, որ Երևանի ավագանու այս ընտրությունները բոլոր ընդդիմադիր ուժերի համար պետք է լինի քաղաքական ընտրություն և շանս՝ իշխանությունը վերցնելու համար:
«Դռնեդուռ մեր այցելությունների ժամանակ, եթե 2008-ին մեր առջև դռները չէին բացում 30%-ը, դա գնահատեցին որպես այդքան տոկոսի չափով մարդկանց բացակայություն հանրապետությունից: Այսօր 40-50%-ը չի բացում: Սա է իրականությունը, կորցնում ենք մեր երևանցուն ու քաղաքացուն: Ո՞ւմ է պետք այս երկիրը: Սա է պատճառը, որ այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասաց նա:
Անդրադառնալով իր ծրագրերին՝ Վահագն Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին դադարեցվելու են կենտրոնի կառուցապատման աշխատանքները՝ քաղաքաշինական խնդիրների լուծման արատավոր պրակտիկան, արգելվելու են կանաչապատ տարածքներում կառուցապատման ցանկացած աշխատանք: Նա ընդգծեց, որ Երևանում ոչ մի ծառ չի կտրվելու, բոլոր ծառերը համարակալվելու են:
«2000-2013թ-ի իրացման գոտում հայտնված ու տուժած բնակիչներին արդարացի հատուցում, հասնելու ենք նրան, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանած վարչական տուգանքների չափերը նվազեցվեն կրկնակի անգամ՝ հաշվի առնելով ժողովրդի ծանր վիճակը, հակառակ դեպքում Երևանի տարածքում տեսանկարահանող սարքերը կապամոնտաժվեն, ի վերջո դրանց գործելու իրավունքը քաղաքային իշխանությանն է»,- ասաց նա:
Վերջում նա հորդորեց բոլորին մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:
20.29
Ոչ ոք թող հույս չունենա, որ կարող է մեզ թևաթափ անել. Լևոն Տեր–Պետրոսյան
Հանրահավաքին ելույթ ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը, ով նախ անդրադարձ կատարեց 2013-ի նախագահական ընտրություններին, ապա խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին ասաց, որ ով պատրաստ չէ անձնվեր, երկարատև պայքարի, նա ՀԱԿ շարքերում տեղ չունի։
ՀՀ առաջին նախագահը նաև նշեց, որ իրենք սովոր են թե՛ ճակատից, թե՛ կողքից, և թե՛ թիկունքից հասցվող հարվածներին, սակայն դրանով հանդերձ ոչ ոք թող հույս չունենա, որ դա կարող է իրենց թևաթափ անել ու ստիպել հրաժարվել պայքարից։
Ստորև ներկայացնում ենք Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ։
«Սիրելի հայրենակիցներ,
Թեև այս հանրահավաքը նվիրված է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, սակայն քանի որ մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե տասը ամիս, կարծում եմ, հարկ կա, մինչև այդ հարցին անդրադառնալը, թեկուզ համառոտակի գնահատել նշված ժամանակամիջոցում Հայաստանում տեղի ունեցած մի ավելի կարևոր իրադարձություն։ Խոսքը, ինչպես վստահ եմ, արդեն իսկ կռահեցիք, վերաբերում է անցած նախագահական ընտրություններին։ Երկար-բարակ վերլուծության փոխարեն ես նպատակահարմար եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ ընտրություններին վերաբերող հետևյալ ամփոփիչ արձանագրումները.
1. 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների և ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները և երկիրը հինգ տարի ևս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ։
2. Դրա հետ մեկտեղ, ժողովրդի մեծամասնությունը ևս մեկ անգամ շառաչուն ապտակ հասցրեց ատելի ռեժիմին` պաշտոնական տվյալներով անգամ 42 տոկոս քվե ապահովելով ընդդիմության թեկնածուների օգտին, այն էլ ոչ թե, այսպես կոչված չար, այլ բարի ընտրությունների պարագայում, ինչից դժվար չէ պատկերացնել, թե ընտրակեղծարարության և բռնաճնշումների բացակայության դեպքում քանի իրական ձայն կստանար Սերժ Սարգսյանը։
3. Միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները, ինչպես և սպասվում էր, նորից աչք փակեցին ընտրությունների ընթացքում կատարված համակարգային օրինախախտումների վրա և, առաջնորդվելով աշխարհաքաղաքական նկատառումներով կամ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կայունությանը ստորադասելու սկզբունքով, կրկին սատար կանգնեցին Սերժ Սարգսյանին։ Ի դեպ, նշանակալից է, որ ի տարբերություն 2008-ի ընտրությունների, նրան այս անգամ շնորհավորեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։
4. Հակառակ միջազգային հանրության դիրքորոշմանը, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքները և, հետևաբար, Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության օրինակարգ նախագահ չի համարում, ինչպես չի համարել նրա կառավարման ողջ առաջին ժամկետում։ Ընդ որում, ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի ժողովրդի դրսևորած անվստահության փաստն այնքան ակնհայտ է, որ դա հարկադրված են ընդունել ու խիստ մտահոգիչ համարել նույնիսկ միջազգային կազմակերպությունները։ Մինչդեռ մտահոգիչ համարելուց բացի, սկզբունքային ու հետևողական լինելու դեպքում, այդ կազմակերպությունները տվյալ փաստից պետք է անեին բոլորովին այլ եզրակացություն, ինչը, սակայն, ըստ երևույթին, չի մտնում նրանց հաշիվների մեջ։
5. Կառավարման երկրորդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը, մասնավորապես Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու փաստը և Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում «վերընտրելուն» ուղղված ահռելի ջանքերը, ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգևորված միջազգային հանրության օրհնությունից, թքած ունի երկրի հասարակական կարծիքի վրա և ամենևին մտադիր չէ ոչ միայն հրաժարվելու ավազակապետության մինչ այժմ որդեգրած հանցավոր վարքագծից, այլև թեկուզ չնչին բարեփոխումների որևէ տրամադրություն ցուցաբերելու։ Ուստի կասկած չկա, որ առաջիկա տարիներին, ինչպես անցյալում, նա առաջնորդվելու է ոչ թե երկրի ու ժողովրդի շահերով, այլ 2018 թվականին որևէ մի հարմար ժառանգորդի կերպարանքով ռեժիմի վերարտադրությունն ապահովելու անթաքույց նպատակադրությամբ։
6. Ասվածը չի նշանակում, անշուշտ, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ-բարեփոխումների բեմականացմամբ կամ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի նմանակությամբ (իմիտացիայով)։ Ընդհակառակը, նման տիպի թատերական միջոցառումները գնալով շատանալու են` մի կողմից հասարակությանը մոլորեցնելու, մյուս կողմից` արտաքին աշխարհին հաճոյանալու ու նրա գովեստներին արժանանալու նպատակով։ Իրականում, սակայն, կեղծ-բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ-լոյալ տարրերից ազատվելու ու նրանց հաշվին սեփականության վերաբաշխման և երկրի հարստությունը իրեն հավատարիմ ավելի նեղ շրջանակի ձեռքում կենտրոնացնելու խնդիրը, այն դիտելով որպես վերը նշված միակ նպատակի իրագործման, այն է` 2018-ին ռեժիմի վերարտադրության, նույնն է թե, սեփական անձեռնմխելիության ապահովման գրավականը։
Այս արձանագրումները ես կատարում եմ ոչ թե հասարակության մեջ անելանելիության կամ հուսահատության սերմեր ցանելու, այլ բացառապես ընդդիմության քաղաքական հաշվարկները իրական ելակետերի վրա հիմնելու և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա գործունեության ընթացքում ճիշտ խնդիրներ դնելու ու հնարավոր ելքեր գտնելու նպատակով։ Անկախ կատարված արձանագրումներից, Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենևին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, և որ օր-օրի նա ավելի է թուլանալու։ Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի և անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած և ծավալման միտումներ դրսևորող գզվռտոցը, ինչպես նաև ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ։
* * *
Երևանի ավագանու ընտրություններն, ըստ այդմ, պետք է դիտարկել ու իմաստավորել բացառապես վերը շարադրվածի կոնտեքստում, և քաղաքական ընդդիմության ռազմավարությունն ու գործնական քայլերի ծրագիրը կառուցել տվյալ հիմքի վրա, այլապես ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը երաշխավորված չեն լինի հերթական սխալներից ու նոր հիասթափություններից։
Հակառակ ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու և Երևանի քաղաքապետի դերը աղբահանության գործառույթի հանգեցնելու ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերին, կարծում եմ, չկա մի բանական էակ, ով չհասկանա, որ դրանից ավելի կարևոր քաղաքական հարց այսօր Հայաստանում գոյություն չունի և գոյություն չի էլ ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, քանի որ ավագանու ընտրություններում լուծվելու է ոչ թե սոսկ քաղաքապետի, այլ, առանց չափազանցության, ռեժիմի ճակատագիրը։ Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։
Ցավոք, սակայն, իմ տպավորությամբ, իշխանություններն ավելի լավ են հասկանում այս պարզ ճշմարտությունը, քան քաղաքական ուժերից շատերը։ Դրա վկայությունն է այն, որ վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին` գրեթե ամեն օր ոստիկանության և քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ակտիվիստների նկատմամբ։
Նկատի ունենալով Երևանի ավագանու ընտրությունների գերկարևորությունը երկրի ապագայի համար, հարկ եմ համարում մի վերջին անգամ բարեկամական կոչով դիմել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին` մի կողմ դնել առկա անհամաձայնություններն ու փոխադարձ կշտամբանքները և, դառնալով մեկ միասնական բռունցք, մայիսի 5-ին վճռական ճակատամարտ տալ հանցավոր ռեժիմին` մայրաքաղաքը նրա ճիրաններից կորզելու և դրանով Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը մոտեցնելու համար։ Հավատացած եմ, որ նախագահական ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս անց, երբ դեռ մարած չի լինելու ռեժիմի դեմ ծառացած ժողովրդի ընդվզման լիցքը, կա՛ այդ հնարավորությունը, և ընդդիմության կողմից հանցագործություն կլինի չօգտագործել այդ լիցքն ու կորցնել նման հնարավորությունը։
Չպետք է մոռանալ, որ ռեժիմի նկատմամբ համընդհանուր դժգոհությունից բացի, նրան մեծապես խոցելի է դարձնում նաև քաղաքապետի իշխանական թեկնածուի անձը։ Թեև Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադիր համագումարում ես իմ կուսակիցներին կոչ էի արել չանձնավորել նախընտրական քարոզչությունը, սակայն վերջինիս ներկայացրած եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը այնքան սպառիչ է բնութագրում նրա բարոյական նկարագիրը, որ թե՛ կուսակիցներիս, թե՛ նաև ինձ համար անհնար է դարձնում հետևել այդ կոչին։ Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10-12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ-ական այդ հրաշամանուկ թեկնածուին։ Իսկ եթե դրան գումարենք նաև Հայոց Մեծերի պանթեոնում բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող նրա հոր հսկայածավալ սկյութական դամբարանը, ապա այդ անձնավորության կերպարը կատարյալ կդառնա։ Առանձին վերցրած այս երկու փաստերն արդեն լիակատար հիմք են` մայիսի 5-ին վճռական «ո՛չ» ասելու նրա գլխավորած հանրապետական ցուցակին։ Զարմանալ կարելի է, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն և որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա ահա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։
* * *
Ինչպես տեղյակ եք, վերակազմավորված Հայ Ազգային Կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է թարմ, երիտասարդ, ինտելեկտուալ կազմով և քաղաքապետի այնպիսի փորձված ու արժանի թեկնածուով, ինչպիսին Վահագն Խաչատրյանն է, ով մայրաքաղաքի կառավարման վարչակազմը գլխավորել է նորանկախ Հայաստանի պատմության թերևս ամենադժվար տարիներին՝ պատվով դուրս գալով այդ ծանր պարտականության տակից և հետագայում մնալով ու ներկայումս էլ հանդիսանալով երկրի ամենահարգված ու պարկեշտ քաղաքական գործիչներից մեկը։
Քանի որ, դժբախտաբար, ընդդիմությանն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ընտրություններին մասնակցել դաշինքով կամ միասնական ցուցակով, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն ընտրողներին կոչ է անելու ձայն տալ սեփական ցուցակի և քաղաքապետի իր առաջադրած թեկնածուի օգտին՝ ենթադրելով, որ ընդդիմության դաշինքն ինքնըստինքյան կձևավորվի ընտրություններից հետո։ Ուստի հետևելով այս տրամաբանությանը, մենք նույնպես ժողովրդին կոչ ենք անում միահամուռ կերպով մասնակցել ընտրություններին և քվեարկել Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի ու այն գլխավորող Վահագն Խաչատրյանի օգտին։
Գիտակցելով, որ ընդդիմության մաքսիմում-ծրագիրը պետք է լինի Երևանի ավագանու կազմում մեծամասնության ապահովումը, իսկ մինիմում-ծրագիրը՝ Հանրապետական կուսակցության համար 40%-ից ցածր քվեների արձանագրումը, Հայ Ազգային Կոնգրեսը միակողմանիորեն, առանց նախապայմանների, իր համար սահմանել է քարոզարշավային հետևյալ կանոնները.
- Քննադատության միակ թիրախ դարձնել իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցություններին.
- Հակաքարոզչությամբ չզբաղվել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ նրանցից որևէ մեկը չի հարգի այս կանոնները.
- Չանել որևէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի ձևավորմանը։
Լինելով 1988 և 2008 թվականներին ձևավորված համաժողովրդական շարժումների ժառանգորդը՝ վերակազմավորված Հայ Ազգային Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու, որ հավատարիմ է իր դավանած արժեքներին ու քաղաքական ծրագրերին։ Դրա վկայությունն է ինչպես մեր անցած ուղին, այնպես էլ մեր սկզբունքային գործունեությունը Ազգային Ժողովի նույնանուն խմբակցության շրջանակում, որտեղ մենք ներդաշնակորեն համագործակցում ենք Հայաստանի ժողովրդական, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և Ազատություն կուսակցությունների ղեկավարների հետ, սիստեմատիկաբար հանդես գալով խմբակցության նախընտրական պլատֆորմից բխող միասնական քաղաքական և օրենսդրական նախաձեռնություններով։ Առիթն օգտագործելով, ուզում եմ հատուկ ընդգծել ՀԺԿ-ի ու նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի առանցքային դերը ինչպես անցյալ հինգ տարիների մեր համատեղ գործունեության բնագավառում, այնպես էլ, անկասկած, մեր հետագա սերտ և բեղմնավոր համագործակցության կոնտեքստում։
Վերադառնալով Երևանի ավագանու ընտրությանը, հարկ եմ համարում շեշտել, որ այն ո՛չ մեր պայքարի սկիզբն է, ո՛չ էլ վերջը, այլ ընդամենն այդ պայքարի մի հանգրվանը, թեև, ինչպես արդեն նշվեց, չափազանց կարևոր հանգրվաններից մեկը։ Հետևաբար, իր կարևորությամբ հանդերձ, ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքը, այն բացարձակապես չի ազդի Կոնգրեսի հետագա նպատակասլաց, հետևողական, համառ ու տքնաջան գործունեության վրա։
Հասարակությունը կարող է համոզված լինել, որ ի դեմս Կոնգրեսի կա՛ ինստիտուցիոնալ առումով լիովին կայացած, հասուն, միաձույլ, վճռական քաղաքական ուժ, որը լինելու է իր մշտական ուղեկիցն ու երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործոններից մեկը, և որը երբեք չի հուսալքվելու, չի հոգնելու, երբեք հանցագործ իշխանությունների հետ խաղեր չի տալու՝ պայքարելով այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը չի ազատվել ավազակապետության ճիրաններից և չի բռնել աշխարհի իրավական, ժողովրդավար ու բարգավաճ պետությունների շարքը դասվելու ճանապարհը։
Ով պատրաստ չէ անձնվեր, անշահախնդիր, երկարատև պայքարի, Կոնգրեսի շարքերում տեղ չունի։ Ով պատրաստ չէ մոռանալու սեփական ես-ը և զրկանքների գնով լծվելու երկիրը չարիքից ազատելու անհետաձգելի գործին, թող բարի լինի խանգարել մեզ ու շարունակի գուժել Կոնգրեսի մոտալուտ թաղումը։ Մենք սովոր ենք թե՛ ճակատից, թե՛ կողքից, և թե՛ թիկունքից հասցվող հարվածներին, բայց ոչ ոք թող հույս չունենա, որ դա կարող է մեզ թևաթափ անել ու ետ կանգնեցնել մեր պայքարից։
Պայքար, պայքար մինչև վերջ»։










