Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման վտանգի պատճառով թուրքական նահանգում հատուկ միջոցառումներ են իրականացվում
Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վտանգի առկայության պատճառով։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, վիրավոր սիրիացիները, որոնք տեղափոխվել են Հաթայ՝ բուժման նպատակով, բուժզննում են անցնում հատուկ արտահագուստով բուժանձնակազմի կողմից՝ հնարավոր վարակումից զգուշանալու համար։
Վիրավոր սիրիացիների համար հիվանդանոցի հատուկ բաժանմունք է հատկացվել, որտեղ նրանք կարանտինի մեջ են պահվում։
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մարտի 19-ին ընդդիմության կողմից քիմիական զենք է կիրառվել Հալեպի նահանգում։ Ընդդիմադիրներն իրենց հերթին պնդում են, որ կառավարությունը քիմիական զենք է կիրառել Հոմսում՝ անցյալ տարվա դեկտեմբերին։
Սիրիայի իշխանությունները հրաժարվել էին ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի փորձագետների առաքելությանը թողնել երկիր։










