Նախախորհրդարանը մայիսին 9-ին Գյումրիում հրավիրված հանրահավաքով վիրտուալ եզերքից անցնում է շոշափելիին
Այս տարվա մայիսի 9-ին Գյումրիում հայտարարված հանրահավաքով Նախախորհրդարանը վիրտուալից անցնում է շոշափելի եզերք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե չի ՞ կարծում, որ իրենց պայքարը շատ հաճախ ընկալվում է որպես վիրտուալ:
«Ինչո՞ւ այսքան ուշ, որովհետև մենք չէինք ուզում։ Պատերազմի ժամանակ չի կարելի կիսվել, պառակտվել, և մենք բարեխղճորեն, հասկանալով պահի կարևորությունը ու անգամ գիտակցելով, որ տեղի է ունենում ողբերգական սխալ, սկզբից գերադասում էինք ասել դա առաջնորդող խմբերին կամ առաջնորդներին: Հիմա մենք համոզվեցինք, որ դա անիմաստ է»,-նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումները, որոնց միացել էին Նախախորհրդարանի շատ անդամներ, ասաց Տիգրան Խզմալյանը:
Իսկ նրա խոսքով ՝ այսպես կոչված, վիրտուալ պայքարն իրականում մտավոր աշխատանք է:
«Եվ ինչպես ցանկացած գործում ոչ թե պետք է հրապարակ գալ և սկսել ձևավորել ծրագիրը, այլ մեր կարծիքով, համենայնդեպս, մեր անցած ուղին, այդ թվում՝ մարտական, մեզ սովորեցնում է սկզբից ծրագիր մշակել, հետո դուրս գալ հրապարակ»,- ասաց բանախոսը:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանը մայիսի 9-ին Գյումրիում և մայիսի 17-ին Երևանում հանրահավաքներ է հրավիրում, որոնցով, ըստ հայտարարվածի՝ սկսվում է հանրահավաքների շարքը:
Դրանց նպատակն է՝ առաջին փուլում ժողովրդի ինքնակազմակերպումը, երկրորդ փուլում՝ իրական ժողովրդական, համազգային, ազատ ընտրությունների կազմակերպումը, որի միջոցով նպատակ է դրված «տապալել կեղեքիչ, զավթիչ, օկուպացիոն վարչախումբը և ողջ համակարգը, որը այսօր Հայաստանը տանում է դեպի գաղութացում»:
«Մենք բացատրելու ենք, մենք ասելու ենք՝ մի հավատացեք մեզ որպես փրկչի, որը գիտի ինչ անել: Էս համազգային ինֆանտիլիզմին (մանկամտություն-Tert.am) պետք է վերջ դրվի: Մենք տեր ենք, մենք մեծացել ենք»,- ասաց նա։
Նախախորհրդարանը այս հարցում հույսը ոչ միայն իր վրա է դնում, այլև Տիգրան Խզմալյանը համոզված է, որ այսօր Հայաստանում «ընդդիմություն» բառը, «ընդդիմություն» գաղափարը վտանգված է:
Նա ավելացրեց, որ մեր բազմաթիվ կուսակցություններով, խմբակցություններով հանդերձ, չկա մեկ «ֆորմալիզացված» քաղաքական կուսակցություն, խումբ, որը պաշտպանում է հասարակության մեծամասնության, աշխատավոր ժողովրդի շահերը:
Ասելով, որ եթե Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ընդդիմություն է, ապա իրենց կկոչեն՝ «Դիմադրություն», բանախոսն ավելացրեց. «Բոլոր քաղաքական կուսակցությունները, այսպես թե այնպես, ծառայում կամ սպասարկում են խոշոր կամ պակաս խոշոր բուրժուական իմպերիալիստական և շատ դեպքերում արդեն՝ արտաքին տերերին պատկանող կապիտալը:
«Այնպես որ, ասելով, որ շարունակում ենք գործել ընդդիմության դաշտում բավական չէ, մենք պարտավոր ենք ձևավորել քաղաքական մարմին , որը պաշտպանի հանրության ճնշող մեծամասնության այսօր ոտնահարված և չպաշտպանված շահերը»,- ասաց նա։
Այն, ինչը շատերը, ըստ Տիգրան Խզմալյանի՝ ընդունում են որպես քաղաքական պայքար, ֆեոդալական կապիտալի համար քաղաքական գզվռտոց, քաղաքական հրմշտոց ու քաշքշուկ է:
Դրա պատճառը, ըստ Տիգրան Խզմալյանի՝ սեփականության վերաբաշխման հերթական՝ երրորդ փուլն է: Առաջին ամենախոշորը տեղի ունեցավ 90 -ականների սկզբին, երկրորդը՝ 90 -ականների վերջին՝ վերաբաշխման ձևով:
Տեսնելով, որ միամիտ կամ չարամիտ նպատակներով՝ համակարգափոխությունը չէ, այլ իշխանափոխությունն է իրենց ընդդիմություն հայտարարող այս կամ այն քաղաքական ուժերի նպատակը, Նախախորհրդարանը որոշեց, որ այլևս ոչ մեկին չի սատարելու:
Նա ավելացրեց, որ վերջին հինգ տարիներին առնվազն երկու դաս մեր հասարակությունը պետք է, որ քաղած լիներ:
Դաս առաջին՝ գոյություն չունի ոչ մի կուսակցություն, որը ներկայացնում և պաշտպանում է հասարակության շահերը և դաս երկրորդ՝ ոչ մի փրկիչ, կուռք և առաջնորդ ի վիճակի չէ կատարել այն առաքելությունը, որն իր վրա վերցրեց:










