Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Տրամադրված եմ ակտիվորեն շարունակել աշխատել Ձեզ հետ ռուս-հայկական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և փոխգործակցությունն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում լիովին համապատասխանում են հայ և ռուս ժողովուրդների հիմնարար շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին վերանշանակել էր ապրիլի 19-ին։










