Վ. Հովհաննիսյանն առաջարկում է Կոմայգու միասեռականների դեմ պայքարել առանց ջղագրգիռ շարժումների (տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը որևէ փոքրամասնության հեգնելու, ճնշելու, ծեծելու կամ արգելելու կողմնակից չէ, բայց «Կոմայգու» հայտնի հարցի լուծում ակնկալում է, և այն ըստ նրա՝ պետք է լինի քաղաքակիրթ ձևերով:
Tert.am-ի հարցին, թե Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ կրկին ակտուալ դարձավ Կոմայգում գիշերային ժամերին հավաքվող սեռական փոքրամասնությունների հարցը, ու Դաշնակցությունն ինչպե՞ս է պատկերացնում հարցի լուծումը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես այնտեղ գիշերային ժամերին չեմ գնում, ոչ մի անգամ չեմ հանդիպել: Մեր կուսակցությունը ոչ մի փոքրամասնության հեգնելու, ճնշելու, ծեծելու, արգելելու կողմնակից չէ, բայց Երևանը մաքուր պահելու բոլոր այն ազդեցություններից, որոնք կարող են վնաս տալ մատաղ սերնդին, էդ կարող եք վստահ լինել»:
Ըստ դաշնակցական պատգամավորի՝ հարցը լուծելու համար բոլորովին էլ պետք չէ բռնի գործողություններ անել, ծեծուջարդ կազմակերպել, ինչ-որ բան վառել կամ բար պայթեցնել:
«Կան քաղաքակիրթ ձևեր, և ես կարծում եմ, որ այն թրենդը՝ աշխարհում հիմա մոդա ընկած էդ քննարկումները միասեռամոլների ամուսնությունների մասին, թե իրենք իրավունք ունե՞ն երեխա որդեգրել, թե ոչ, այդ ամեն ինչը Հայաստանը կկարողանա սահուն շրջանցել, առնվազն տեսանելի ապագայում: Բայց պետք է ջղագրգիռ շարժումներ չանել»,- ավելացրեց Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջին համար Արմեն Երիցյանը քարոզարշավի ընթացքում առաջարկել էր նկարել նրանց և գցել Youtube:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «կոնկրետ այդ այգին» Ոստիկանության գործն է:
«Եթե օրինակ՝ պոռնկությունն արգելված է երկրում, պոռնիկներին հավաքում են չէ՞ փողոցներից, և բոլոր տեսակին պետք է հավաքեն անկախ սեռից կամ ձգտումներից»,-ասաց նա:










