«Քաղաքական ասֆալտապատում». Տ.Խզմալյանը՝ կեղծ ընդդիմադիրների մասին

12:53 • 30.04.13

Տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանի» կողմից ընդդիմադիր երևալու նկրտումները և ողջ գործընթացը Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն անվանում է մեկ բառակապակցությամբ՝ «քաղաքական ասֆալտապատում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կինոռեժիսորը հայտարարեց, թե «այս ողջ գործընթացը կոչված է ինչ-որ ճաքեր փակելու՝ երբեք չփորձելով փոխել իրական համակարգը»:

Ապա նա ավելացրեց, որ այս պայմաններում, երբ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնվում է հոգեվարքի մեջ, և ամեն օր պայթում են ականներ ու փուչիկներ, մոդայիկ է ընդդիմություն լինելը:

«Մեր նավը խորտակվում է, և դա շատ լուրջ է: Մենք եզակի երկիր ենք. քսան տարվա մեջ աշխարհում ոչ մի երկրի բնակչության կեսը չի լքել, մնացած բաներն արդեն չասեմ: Սա էն ՝«փամփուշտ ալ չունինք» դառը կատակի այսօրվա օրինակն է՝ մենք կորցնում ենք ազգաբնակչությունը»,- ասաց նա և իր «ախտորոշումը» նա ամփոփեց խոսքերով, որ ամեն օր մենք կորցնում ենք ինչ հնարավոր է. մեր եկեղեցիները, Երևանի Հանրապետության հրապարակը, Սյունիքը, ամեն ինչ:

Թվարկվածից յուրաքանչյուրը, ըստ Խզմալյանի, բավական է, որպեսզի եվրոպական երկրներում կառավարությունը հրաժարական տար, իսկ ասիական երկրներում՝ ինքնասպանություն գործեր: