Ձիարշավում 11 մլն դոլար շահած Թուրքմենստանի նախագահը վայր է ընկնում ձիուց (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ձիուց վայր ընկնելը պատկերող տեսանյութը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին թուրքմենական նժույգի օրվա կապակցությամբ կազմակերպված ձիարշավի ժամանակ, գրում է Lenta.ru-ն: Տեսանյութը հրապարակել է EurasiaNet.org պարբերականը:
Հրապարակված տվյալներով, արդեն ձիարշավի ավարտից հետո նախագահի ձին՝ Բերքարարը (Հզոր), որով նա մասնակցում էր մրցարշավին, սայթաքել է և ընկել հեծյալի հետ միասին: Նախագահն անշարժ ընկել է գետնին, որից հետո նրան շրջապատել են անվտանգության տասնյակ աշխատակիցներ:
Հայտնի չէ՝ արդյոք վնասվածք ստացել է Թուրքմենստանի ղեկավարը, թե ոչ, բայց միջադեպից մեկ ժամ հետո նա կարճ ժամանակով հայտնվել է հանդիսատեսի առաջ և ձեռքով ողջունել հավաքվածներին:
Հիշեցնենք, որ մրցարշավին մասնակցել են յոթ ձիարշավորդներ, և երրորդ համարի ներքո հանդես եկող Բերդիմուհամեդովը 11 մլն դոլար էր շահել ձիարշավից: Նախագահը խոստացել էր այդ գումարը ներդնել ձիաբուծության ոլորտի զարգացման համար:










