Ոչ իշխանական ուժերին ՀՅԴ-ի առաջարկը՝ ընտրություններից հետո միավորվել, դեռևս անարձագանք է մնացել. Վահան Հովհաննիսյան

15:43 • 30.04.13

Երևանի ավագանու ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերին միավորվելու և կոալիցիա կազմելու «Հայ Յեղափոխական Դաշնակցության» առաջարկը դեռևս անարձագանք է մնացել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։


«Միգուցե ինչ-որ տեղեր ասել են, ես տեղյակ չեմ, բայց այո՛, մեր առաջարկը հենց դա է, եթե մինչև ընտրություններ միավորում չստացվեց, ապա ընտրություններից հետո միավորվեն, որպեսզի թույլ չտան, Հանրապետականին իշխանությունը վերցնի։ Եթե միասին ապահովեն մեծամասնություն, եթե միավորվեն, շատ ճիշտ կլինի»,- ասաց նա։


Վահան Հովհաննիսյանը չի կարող ասել, թե հարցի շուրջ հանդիպումներ կամ պայմանավորվածություններ արդեն սկսվե՞լ են, թե ոչ։


«Հանդիպումներից կամ նախնական պայմանավորվածություններից ես տեղյակ չեմ, եթե կան ես ուրախ կլինեմ, բայց ես դրա մասին ոչինչ չգիտեմ և չեմ կարող ասել»,- ասաց նա։


Այս ամենին զուգահեռ, նույն այդ ուժերի փոխադարձ քննադատությունները միմյանց նկատմամբ, որ շարունակվում են Վահան Հովհաննիսյանի համար ցավալի է։


«Ցավալի է դա և պետք չէ, կարծում եմ, որ բոլորը պետք է մեկ թիրախ ունենան՝ Երևանում իշխանության փոփոխություն, դրա համար կսմիթները, որ իրար նկատմամբ արվում են, որոնց, բնականաբար, ստիպված պատասխանում ես, այս պահին մեզ օգուտ չեն բերում»,- նշեց նա։