Virgin Galactic-ը հաջողությամբ փորձարկել է զբոսաշրջիկների համար նախատեսված տիեզերանավի ռեակտիվ շարժիչը (տեսանյութ)

18:37 • 30.04.13

Զբոսաշրջիկների ուղևորությունը տիեզերք մեկ քայլով մոտեցել է իրականությանը: Այսօր տեղի է ունեցել SpaceShipTwo տիեզերանավի շարժիչի առաջին փորձարկումը: Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը նախատեսում է զբոսաշրջիկների համար ուղևորություններ կազմակերպել դեպի ուղեծիր արդեն այս տարի, գրում է Russia Today-ը:

 

Փորձարկումներն անցկացվել են Կալիֆոռնիայի անապատում կառուցված հատուկ օդանավակայանում: Տիեզերանավը, առանձնանալով օդանավակրից մոտ 20 կմ բարձրության վրա և գործի գցելով սեփական շարժիչը, ինքնուրույն շարունակել է թռիչքը՝ զարգացնելով գերձայնային արագություն:

 

Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը փորձարկման ընթացքը լավ է գնահատել: «Մեզ առաջին անգամ հաջողվեց փորձարկել համակարգի գլխավոր բաղադրիչները թռիչքի ընթացքում: Եվս մի քանի հաջող փորձ, և մենք կսկսենք զբոսաշրջիկներին տիեզերք ուղարկել»,- հայտնել է Բրենսոնը:

 

Virgin Galactic-ն արդեն 450 մարդկանցից հայտ է ստացել ապագա ուղևորության համար, որոնցից 150-ն արդեն կանխավճար են արել: Մեկ տիեզերական էքսկուրսիայի արժեքը կկազմի 200 հազ. դոլար՝ 2.5 ժամվա համար:

Ենթադրվում է, որ SpaceShipTwo տիեզերանավում կտեղավորվի 8 հոգի՝ երկու օդաչու և վեց ուղևոր:
 

Virgin Galactic-ը հաջողությամբ փորձարկել է զբոսաշրջիկների համար նախատեսված տիեզերանավի ռեակտիվ շարժիչը (տեսանյութ)