ԱՄՆ իշխանություններն սկսել են ստուգել ուժայիններին՝ Բոստոնի ահաբեկչությունից հետո
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ), արդարադատության նախարարությունն ու ԱՄՆ ազգային անվտանգությունն ուժայինների միջգերատեսչական փոխգործակցության ստուգումներ են իրականացնում՝ Բոստոնի ահաբեկչության հետ կապված, տեղեկացնում է Взгляд-ը՝ Washington Post-ին հղումով։
Ամերիկյան հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը հարցեր է առաջացրել լրատվամիջոցների հաղորդումներից հետո, ըստ որոնց՝ Բոստոնի ահաբեկչությունն իրականացնող Ցարնաև եղբայրների մասին տվյալներն առավելագույնս արդյունավետ չեն օգտագործվել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Բոստոնի ահաբեկչության հետաքննության հարցում համագործակցության համար երախտագիտություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Երկու երկրների առաջնորդները քննարկել էին ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ 2014թ.-ի Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն ԱՄՆ-ին են փոխանցել Ցարնաև եղբայրների հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Դրանցում առկա են եղել տվյալներ «անհավատների» դեմ պատերազմ՝ ջիհադ սկսելու մասին։
Բոստոնի մարաթոնի ընթացքում 2013թ.-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 200 մարդ։
Թամերլան Ցարնաևը մահացել էր ձերբակալության ընթացքում, իսկ նրա եղբայրն ամերիկյան բանտերից մեկում է։
Փորձագետների կարծիքով՝ մարաթոնի ընթացքում գործարկված ռումբը պատրաստվել է տնային պայմաններում։










