Այսօր Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրն է

08:12 • 01.05.13

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Այսօր Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրն է, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրում:

 

Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպեցին գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվեց ոստիկանության աշխատակիցների հետ բախումներով ու արյունահեղությամբ: Ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, իսկ կազմակերպիչները դատապարտվեցին մահվան:

 

1889-ի հուլիսին Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը՝ ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

 

20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էր գրեթե ողջ ժողովուրդը:

Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան:

 

Այս օրը Հայաստանում համարվում է ոչ աշխատանքային օր։

 

Տոնը նշվում է 142 երկրներում։ Որոշ երկրներում այն նշվում է մեկ այլ օր, օրինակ՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ Ավելի քան 80 երկրում, ներառյալ՝ Հնդկաստանը, Աշխատանքի օրը չի նշվում։

 

Աղբյուրները՝ calend.ru,wikipedia.org: