Աշխարհը տառապում է լավ մարդկանց լռության պատճառով. Երուսաղեմի հայ պատրիարքն Իսրայելին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մեծ եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ Երուսաղեմի հրեական համալսարանում (Իսրայել) Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով է անցկացվել, որին մասնակցել են իսրայելցի պաշտոնյաններ, մտավորականներ, Երուսաղեմում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Իսրայելում հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է անգլալեզու The Jerusalaem Post պարբերականը, համաժողովը կազմակերպել էր Երուսաղեմի հրեական համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն Մայքլ Սթոունը:
Միջոցառման սկզբում նախ ընթերցվել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի ուղերձի հավաքվածներին. «Հայոց ցեղասպանությունից 98 տարի է անցել, և այս տարիների ընթացքում այնքան շատ ջանք է գործադրվել, որպեսզի թուրքերը ստիպված լինեն խոստովանել, որ իրենք ցեղասպանություն են գործել, նրանք, սակայն, շարունակում են հերքել…»,-գրել է Նուրհան Մանուկյանը: -Ամեն տարի շարունակվում են Ցեղասպանությունը ճանչելու մասին կոչերը, մարդիկ կրկնում են՝ «այլևս երբեք», յուրաքանչյուր տարի իրավապաշտպան կազմակերպությունները զեկույցներն են հրապարակում աշխարհում մարդու իրավունքների խախտումների, ցեղասպանության, սովի, կտտանքների վերաբերյալ, բայց...»: Որպես օրինակ արքեպիսկոպոսը հիշատակել է Դարֆուրում շարունակվող ցեղասպանությունը (2003 թ-ից, Դարֆուրում (Սուդանի Ժողովրդական Հանրապետություն) էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները կոտորում են աֆրիկացի նստակյաց բնակչությանը-Tert.am)` «Ո՞վ է այսօր հիշում այդ մասին»,-հարցրել է արքեպիսկոպոսը:
Երուսաղեմի հայոց պատրիարքն իր ուղերձում ընդգծել է, որ չի կարողանում հասկանալ, թե Իրայելն ինչու 1,5 միլիոն հայերի սպանդը չի ճանաչում որպես ցեղասպանություն: Նա կարծիք է հայտնել, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասապանությունը, ապա նրա դաշնակից Իսրայելը ևս կճանաչի:
Արքեպիսկոպոսը նաև Իսրայելի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հիշեցնելով Նապոլեոն Բոնապարտի (ֆրանսիացի պետական գործիչ, զորավար, Ֆրանսիայի կայսր (1804–14 թթ. և 1815 թ-ի մարտ–հունիս-Tert.am) խոսքերը, թե «Աշխարհը տառապում է ոչ թե վատ մարդկանց բռնության, այլ լավ մարդկանց լռության պատճառով» և Հոլոքոսթի (հրեաների ցեղասպանությունը, որն իրականացվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Նացիստական Գերմանիայի կողմից-Tert.am) ականատես Էլի Վիզելի հայտնի արտահայտությունը՝ «Սիրո հականիշը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը»:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) նախկին պատգամավոր Յայիր Ցաբանը: Քաղաքական գործիչը երախտագիտության խոսքեր է հնչեցրել բոլոր այն մարդկանց հասցեին, որոնք շարունակում են ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ցաբանն իր խոսքում վրդովմունք է հայտնել Իսրայելի փոխվարչապետ Օֆիր Ակունիսի օրեր առաջ արած այն հայտարարության առնչությամբ, թե «Իսրայելի պետությունը երբեք չի ժխտել, որ այդ սարսափելի դեպքերը (Հայոց ցեղասպանության հետ կապված-Tert.am) տեղի են ունեցել, սակայն այդ հարցի քննարկումը պետք չէ քաղաքական դաշտ տեղափոխել»:
«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտգործնախարարի տեղակալ եղած ժամանակ հայտարարել էր, թե «կան հարցեր, որոնք քաղաքականությունից և դիվանագիտությունից վեր են, և Հայոց ցեղասպանությունը դրանցից մեկն է... Վարչապետ դառնալուց հետո, սակայն, Նեթանյահուն, ցավոք սրտի, հարկ չհամարեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է նախկին պատգամավորը:
«Իսրայելը շատ զգայուն է Հոլոքոստի ժխտման, ռասիզմի, նեոնացիզմի հանդեպ, բայց չի կարողանում իրեն ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ մտածում է, որ դա կարող է վնասել իր դիվանագիտական և քաղաքական շահերը»,-շարունակել է Ցաբանը:
Հայագիտության կենտրոնի տնօրեն Սթոունն իր հերթին նշել է, որ ցեղասպանության նպատակը ոչ միայն մարդկանց սպանելը, ազգը բնաջնջելն է, այլև մշակույթը, երաժշտությունը և լեզուն սպանելը...:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա, Վատիկան, Ավստրալիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը: ԱՄՆ դաշնային իշխանությունները, սակայն, առ այսօր պաշտոնապես չեն ընդունել այն:
Նշենք նաև, որ ներկայում Իսրայելի խորհրդարանի Կրթության ու մշակույթի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու բանաձևի նախագիծ կա: Դրանցից մեկով առաջարկվում է ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրորդով՝ 1915 թ-ին հայերի զանգվածային կոտորածները որակել որպես Ցեղասպանություն:










