Արհմիությունները երթի էին դուրս եկել՝ «Արժանապատիվ աշխատանքի» պահանջով (լուսանկարներ, տեսանյութ)
Առանց «Կեցցե մայիս 1-ը» գրության ու աշխատավորներին գովաբանելու վանկարկումների՝ այսօր աշխատավորների տոնի առիթով երթի էին դուրս եկել Հայաստանի արհմիությունները և պահանջում էին արժանապատիվ աշխատանք։
Երթի կազմակերպիչները՝ Հայաստանի «Արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության մաս կազմող ճյուղային արհմիություններն էին, որին մասնակցում էին տարբեր հիմնարկների արհմիությունների անդամներ։
«Նոր աշխատատեղերի ստեղծում», «Արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ», «Առանց բևեռացված հասարակության», «Նվազագույն աշխատավարձը հավասարեցնել նվազագույն սոցիալական պահանջների», «Արհմիությունների ուժը միասնության մեջ է» ցուցապաստառներով երթը մեկնարկեց Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկից։
Երթը գլխավորող «Արհմիությունների կոնֆեդերացիայի» պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը բարձրախոսով հայտարարում էր, որ այսուհետ ավելի մեծ վճռականությամբ են կանգնելու աշխատողի կողքին և պաշտպանելու են նրանց շահերը։
«Մենք պահանջում ենք, որ նախ ստեղծվեն աշխատատեղեր, իսկ աշխատատեղերը լինեն արժանավայել մարդու համար։ Հարգելի՛ աշխատավորներ, կոլեկտիվների ներկայացուցիչնե՛ր, արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչնե՛ր, խնդրում ենք բոլորից, որ այսուհետև ամենօրյա քրտնաջան և հետևողական աշխատանք տանեք արհմիությունների դերի բարձրացման համար»,-ասաց նա։
Գառնիկ Վաղարշակյանը նշեց, որ այսօր Հայաստանում առաջնահերթ խնդիրներ են արտագաղթը, աղքատությունն ու գործազրկությանը։ «Տարեկան 40-45 հազար մարդ արտագաղթում է, որ գնա օտարության մեջ աշխատանքի գտնի, աղքատության բարձր ցուցանիշը՝ շուրջ 30 տոկոս, հասարակության սոցիալական բևեռացվածությունն այն պարամետրերն են, որով ներկայանում ենք միջազգային հանրությանը և նրանցից խնդրում դրամաշնորհներ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Գառնիկ Վաղարշակյանը նաև նշեց, որ իրենք գործադիր ու օրենսդիր մարմիններին առաջարկում են առավել մեծ ուշադրություն դրսևորել խնդրի նկատմամբ, որպեսզի արհմիությունների խոսքը լսելով, աշխատավորների համար ավելի բարենպաստ օրենքներ ընդունվեն։
Նա նաև նկատեց, որ սոցիալական խնդիրները շատ են կուտակվել։ «Դրանց չափն անցել է, թույլ չենք տա այլևս նման տեպմերին, արտագաղթելով տրանսֆերտներ ուղարկելը մեզ համար ճանապարհ չէ, հայ մարդու ճակատագիրը դա չէ, հայ մարդը պետք է Հայաստանում արարի»,-ասաց նա։
Երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Շահումյանի անվան հրապարակով երթն ավարտեցին Հայաստանի «Արհմիությունների կոնֆեդերացիայի» շենքի մոտ:










