Մայիսի 5-ից հետո Երևանում նոր իրավիճակ է լինելու. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ,լուսանկարներ)

16:39 • 01.05.13

Մայիսի 5-ից հետո Երևանում լինելու է նոր իրավիճակ և Երևանն ունենալու է նոր քաղաքապետ, և «Բարև Երևանը» հայ ժողովրդին ու երևանցիների անակնկալ է մատուցելու: Այսօր Ազատության հրապարակում «Բարև Երևան» դաշինքի հանրահավաքին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:


«Ես պիտի մատուցեմ հայ ժողովրդին, ինչպես փետրվար 18-ին հայ ժողովուրդն ասաց, որ «տեր եմ իմ հայրենիքում», և նույն կերպ այդ անակնկալը կմատուցի «Բարև Երևանը» : Ինչքան կտեևի պայքարը, չգիտեմ, բայց հինգ տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26 –ում»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:


Նա նշելով, որ իր հետ կանգնած են մտավորականներ Հարութ Փամբուկչյանը և Ռուբեն Հախվերդյանը, որոնք երգում են «Գետի այն ափին», նշեց, որ ինչպես և մեկ տարի առաջ, հիմա էլ վստահ է, որ գետի այս ափին պետք է ամեն ինչ կարգավորվի:


Իր ելույթը նա սկսեց «Բարև Երևան» խոսքերով, և ավելացրեց, որ այսօր հավաքվել են՝ ասելու համար՝«բարև, Երևան»: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այն մի «կտոր կյանքի» համար, որ միասին ապրել են ահելների ու ջահելների հետ, լրագրողների հետ, որոնք եղել են պայքարի մեջ, պայքար, որը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ շարունակվում է: Նա նշեց, որ եղել են գիշերներ, երբ իր որդի Կարինից բացի, իր հետ երեք հոգով են եղել, եղել են գիշերներ, երբ 50 hազարով:


Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնց համար «մոդա» չէր Ազատության հրապարակում կանգնելը՝ բազմահազարանոց մարդկանց առաջ ելույթներ ունենալու համար, այլ պայքարի միջոց:


Նա նշեց, որ առաջին հերթին «Ժառանգությունը» կանգնեց առաջին գծում և ավելացրեց. «Ոչ մի բան, ոչ մի բան, ապրիլի 9-ին տված մեր երդումից մեզ հետ չի կանգնեցնելու… Մենք չենք նահանջելու, չենք վաճառվելու, չենք դավաճանելու»:


Րաֆֆի Հովհաննիսյանը դիմելով իրեն քննադատած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ հեգնանքով նշեց, որ այն արտագաղթի մասին, որի մասին Հրանտ Բագրատյանը բարձրաձայնում է սոցիալական ցանցերում, ինքը ասել է Սերժ Սարգսյանին:


Դիմելով իր խոսքով՝ իրեն մի քիչ քննադատող լրագրողներին, խմբագիրներին, «Ժառանգության» ղեկավարն ասաց, որ երևանցին թող ընտրի, ում ցանկանում է, իսկ կուսակցություններին դիմելով՝ ասաց. «Եվ ուրեմն, պատրաստվենք, Դաշնակցությո՛ւն, ՀԱԿ, «Բարգավա՛ճ» , «Առաքելություն» և Հայաստանի քաղաքացի, Երևանի բնակիչ»:


Խոսելով անելիքների մասին «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ մինչև բուն քվեարկության օրը կունենա բակային հանդիպումներ տարբեր վարչական շրջաններում, իսկ արդեն մայիսի 9 –ին՝ Մեծ հայրենական պատերազմի օրը կհանդիպեն Ազատության հրապարակում, որտեղ ծրագրային ելույթ կունենա: